Հանրագիտարան

Ափրոդիտե (Աֆրոդիտե)

Աֆրոդիտեն Հին Հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհի: Նա 12 մեծ օլիմպիական աստվածների թվին էր պատկանում: Նրան համարում էին նաև պտղաբերության, հավերժ գարնան և կյանքի դիցուհի:
Ափրոդիտե դիցուհին ծնվել է Լիթերա կղզու մոտ՝ ծովի ալիքների ձյունասպիտակ փրփուրներից, սակայն շուտով նա հայտնվեց Կիպրոսում, որտեղ դեռատի օրեադները շրջապատեցին սիրո և գեղեցկության աստվածուհուն. նրան զուգեցին ոսկեհյուս զգեստներով և բուրումնավետ ծաղիկների պսակ դրին գլխին: Ուր էլ որ ոտքը դներ Ափրոդիտեն`   այնտեղ փարթամորեն ծաղիկներ էին բացվում: Օդը լիուլի հագենում էր բուրմունքով: Էրոսն ու Հիմերոսը հրաշագեղ աստվածուհուն բարձրացրին Օլիմպոս: Բարձրագոչ ողջույն տվին նրան աստվածները: Այդ ժամանակից ի վեր մշտապես Օլիմպոսի աստվածների մեջ է ապրում ոսկեշող Ափրոդիտեն`   հավերժ դեռատի, գեղեցկագույնը աստվածներից:
Ափրոդիտե աստվածուհին աստվածների ու մահկանացուների սրտերում սեր է զարթնեցնում, որի շնորհիվ էլ նա տիրում է ամբողջ աշխարհին: Ոչ ոք ի զորու չէր խուսափել նրա իշխանությունից`   մինչև իսկ աստվածները: Միայն ռազմաշունչ Աթենասը, Հեստիան և Արտեմիսն են, որ չեն ենթարկվում նրա զորությանը:
 
Ափրոդիտեն աստվածային գեղեցկության և անանց երիտասարդության մարմնացումն է: Երբ նա քայլում է`   իր գեղեցկությամբ շողալով, բուրումնավետ զգեստների մեջ, այդ ժամանակ արևն ավելի պայծառ է շողում, ծաղիկները`   ավելի փարթամորեն ծաղկում: Անտառի վայրի գազանները թավուտից դուրս են գալիս ու վազում նրա մոտ, երամ-երամ դեպի Ափրոդիտեն են թռչում հավքերը, երբ նա քայլում է անտառի միջով: Առյուծները, հովազներն ու արջերը հեզորեն գգվում են նրան: Իր հմայքը տարածելով և հիասքանչ գեղեցկությամբ նա անսասան քայլում է վայրի գազանների միջով: Օրեադներն ու քարիսները`   գեղեցկության ու նազանքի աստվածուհիները, ծառայում են նրան. շքեղազարդ զգեստներ են հագցնում, սանրում ոսկեփրփուր վարսերը, պսակում գլուխը շողշողուն ապարոշով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: