Հանրագիտարան

Կուկուլկանի տաճար

Չիչեն-Իցան`   Կուկուլկանի տաճարի հետ մեկտեղ, ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Յուկատան թերակղզու հյուսիսային մասում գտնվող Չիչեն Իցա բնակավայրը համարվում է մայաների կողմից հիմնված ամենամեծ և հրաշալի մշակութային կենտրոններից մեկը: Բնակավայրը ըստ որոշ տեղական ձեռագրերի թվագրվում է 415-435 թթ.-ին, մինչ մյուսներում նշվում է 455թ: Չիչեն Իցա նշանակում է «Իցա (ցեղի) ջրհորի բերան», քանի որ այն կառուցվել է երկու մեծ բնական ջրհորների (սենոտների) շրջակայքում: Տոլտեկների առաջնորդ Կեցալ Կոատլը (կամ ինչպես հնչում է տոլտեկների լեզվով՝Կուկուլկանը) 967-987 թթ. միջև ընկած ժամանակահատվածում գրավում է քաղաքը, ստրակցնում է տեղի բնակչությանը և Չիչեն Իցան դարձնում տիրապետության մայրաքաղաք: Այժմ, քաղաքի ավերակները գրավում են մոտ 300 հա. տարածք:
 
Մայաների և Տոլտեկների քաղաքակրթությունների մշակութային միախառնման արդյունքում X-XIII դարերում ստեղծում են այնպիսի ճարտարապետական գլուխգործոցներ ինչպիսիք են՝ Գնդակի հսկայական խաղադաշտը (En. Great Ball Court), Մարտիկների տաճարը (En.Temple of the Warriors), Էլ Կարակոլ աստղադիտարանը (El Caracol) և Կուկուլկանի տաճարը (En.Temple of Kukulkan): Կուկուլկանի տաճարը (բուրգը), կամ ինչպես իսպանացիներն են անվանում Էլ-Կաստիլիոն (En. ‘The castle”; Դղյակ), կառուցել են ժամանակի ճարտարապետները տոլտեկների սուրբ հովանավոր Թևավոր (Փետրավոր) Օձի՝ Կուկուլկանի պատվին: Շրջակա միջավայրում այն դոմինանտ դիրք է գրավում և տեսանելի է քաղաքի յուրաքանչյուր կետից: Բուրգի հիմքում ընկած է 55,3 մ. կողմով քառակուսի, տաճարի բարձրությունը հասնում է 30 մետրի (բուրգը 24մ և տաճարը 6մ): Բուրգի նիստերը բաղկացած են ինը հարթակներից, որոնք ըստ տոլտեկների դիցաբանության համապատասխանում են մեռյալների թագավորության «ինը երկինքներին»: Բուրգի չորս կողմից վեր են խոյանում աստիճանավանդակներ, որոնք խորհրդանշում են աշխարհի չորս կողմերը: Յուրաքանչյուր աստիճանավանդակն ունի 91 աստիճան, իսկ հաշվի առնելով վերին հարթակը գումարը ստացվում է 365`   տարվա օրերի քանակը: Հյուսիսային աստիճանավանդակը, որի սկիզբը զարդարված է օձի երկու մեծ գլուխներով, 45˚ անկյան տակ ձգվում է դեպի վերին հարթակ, որտեղ և գտնվում է Կուկուլկանի տաճարի գլխավոր մուտքը: Չնայած որ բուրգի ճակատները մռայլ են, մոխրագույն և քայքայված ժամանակի ազդեցությունից, Կուկուլկանի բուրգ-տաճարը համարվում է ժամանակաշրջանի լավագույն հուշարձաններից մեկը: 1930 թ. Մեքսիկայի կառավարությունը հովանավորում է Կուկուլկանի տաճարի հնագիտական աշխատանքները, որի ժամանակ հնէաբանները բուրգի ներսում հայտնաբերում են մեկ այլ`   թաքնված բուրգ, որը կառուցված է մայանների ոճով: Այստեղ հայտնաբերվում է տեղի աստվածություններից մեկի`   Չակ Մուլի արձանը և յագուարի կարմիր գահը, զարդարված նեֆրիտե քարերով: XIV- XV դարերում բնակիչներն անհայտ պատճառով հեռանում են Չիչեն Իցայից, և քաղաքը մատնվում է մոռացության: XIX դարում Խուան Գալինդոյի գրառումները հայտնվում են Ջոն Լլոյդ Ստեֆենսի մոտ և նա 1839 թ. մեկնում է Մեքսիկա և աշխարհին նորովի բացահայտում մայաների և տոլտեկների այս հիասքանչ բնակավայրը: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: