Հանրագիտարան

Էրմիտաժ

Էրմիտաժն աշխարհի ամենախոշոր թանգարաններից է:
Հիմնադրվել է 1764 թ-ին, Սանկտ Պետերբուրգում, բացվել 1852 թ-ին:

Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ (ռուսերեն Госуда́рственный Эрмита́ж) (ֆրանսերեն hermitage — մենատուն, ճգնարան) Ռուսաստանի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարաններից է։

Հիմնադրվել է որպես Եկատերինա II կայսրուհու մասնավոր հավաքածու: Թանգարանի համալիրում են.
  • Ձմեռային պալատը,
  • Փոքր Էրմիտաժը (1764–67 թթ., ճարտարապետ՝ Ժան Բատիստ Միշել Վալլեն-Դելամոտ),
  • Հին Էրմիտաժը (1771–87 թթ., ճարտարապետ՝ Յուրի Ֆելտեն),
  • Թատրոնի շենքը (1783–87 թթ., ճարտարապետ՝ Ջակոմո Կվարենգի) և
  • Նոր Էրմիտաժը (1839–52 թթ., ճարտարապետ՝ Լեո ֆոն Կլենցե):
Էրմիտաժը հարուստ է նախնադարյան, հինարևելյան, անտիկ, միջին դարերի մշակույթների հուշարձանների հավաքածուներով: Մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։
 
Առավել հարուստ է պատկերասրահի Հին Արևելքի մշակույթի բաժինը: Դեռևս Պետրոս I-ի օրոք Սանկտ Պետերբուրգ են բերվել անտիկ աշխարհի արձաններ, այդ թվում՝ Տավրիդյան Աֆրոդիտեի մարմարե նշանավոր արձանը: Հին հունական և հին հռոմեական արվեստների նմուշները ցուցադրված են թանգարանի 25 սրահում:
Ավելի ամբողջական է ներկայացված հատկապես արևմտաեվրոպական արվեստը. թանգարանում են Ռաֆայելի, Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Ջորջոնեի, Տիցիանի, Վելասկեզի, Ռեմբրանդի, Ռուբենսի, XVII–XVIII դարերի ֆրանսիական, XVIII դարի անգլիական գեղանկարչության և բազմաթիվ այլ արժեքավոր ստեղծագործություններ:
Թանգարանն ունի դրամագիտական, դեկորատիվ-կիրառական արվեստի իրերի, գծանկարների և փորագրությունների հարուստ հավաքածուներ: Հետաքրքիր է «ասպետական դահլիճը», որտեղ ժողովված են XV–XVII դարերի զենք ու զրահ, վահաններ, սաղավարտներ և այլ ռազմական իրեր:
 
1941 թ-ից թանգարանում գործող ռուսական մշակույթի պատմության բաժնում ներկայացված են հին ռուսական արվեստի նմուշներ, ձեռագիր և հնատիպ գրքեր, կենցաղային առարկաներ: Ուշագրավ է «Մոմեղեն մարդը»՝ Պետրոս I-ի պատկերը, որը նրա մահից անմիջապես հետո վավերագրական ճշգրտությամբ ստեղծել է քանդակագործ Բարտոլոմեո Կառլո Ռաստրելլին: 
Էրմիտաժում կա նաև հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու (Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մինչև XVIII դար): Ցուցադրված են ճարտարապետական կառույցների բեկորներ, փայտի և քարի վրա արված փորագրություններ, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե, բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ:
Էրմիտաժի 400 սրահում ցուցադրված է մոտ 3 մլն ցուցանմուշ: Թանգարանն ունի վերականգնող արվեստանոցներ, ռենտգենյան կաբինետ, գրադարան և սպասարկման զանազան ծառայություններ: Այստեղ կատարվում են նաև գիտական աշխատանքներ: 2009 թ-ին Ամստերդամում բացվել է Էրմիտաժի մասնաճյուղը:
1920 թ-ից Էրմիտաժում աշխատել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին. 1934–51 թթ-ին եղել է  տնօրեն. 1926 թ-ին հիմնադրել և ղեկավարել է Արևելքի բաժանմունքը: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: