Հանրագիտարան

Նիգեր

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Նիամեյ
Տարածքը`   1.267 հզ. կմ2
Բնակչությունը՝ 11,7 մլն
Պետական լեզուն՝ ֆրանսերեն
Դրամական միավորը՝ աֆրիկյան ֆրանկ

 

Նիգերը պետություն է Արևմտյան Աֆրիկայում՝ Սահարա անապատի հարավում: Երկրի տարածքի մեծ մասն ունի 200–500 մ բարձրություն, կենտրոնում խիստ մասնատված Աիր սարավանդն է: Ընդերքում կան ուրանի, անագի, վոլֆրամի, երկաթի, նավթի, ֆոսֆորիտների պաշարներ, քարաղի կուտակումներ:
Նիգերում շուրջ տարին շոգ է ու չոր, տարեկան տեղումները հյուսիսում 100 մմ են, հարավում՝ 600 մմ: Միակ խոշոր գետը երկրի տարածքի հարավ-արևմուտքով հոսող Նիգերն է (որից էլ առաջացել է երկրի անվանումը. բերբերների լեզվով նեգիրեն նշանակում է գետ), շատ են ժամանակավոր հոսքերը և ստորգետնյա ջրերը: Երկրի հարավ-արևելքում է Չադ լճի հյուսիսարևմտյան առափնյա մասը: Հյուսիսի կիսաանապատային և անապատային շրջանները զուրկ են համատարած հողային ծածկույթից, իսկ հարավի առավել խոնավ շրջաններն զբաղեցնում են սավաննաները: 
Կենդանիներից տարածված են առյուծը, փիղը, ընձուղտը, այծքաղը, շնագայլը: Սավաննաների առավել ուշագրավ կենդանիներն ու բույսերը պահպանելու նպատակով ստեղծվել է Նիգերի Դուբլվե (W) ազգային պարկը:
Նիգերի տարածքը բնակեցվել է հնագույն ժամանակներից: 1890-ական թվականներից եղել է ֆրանսիական գաղութ: Անկախություն ձեռք է բերել 1960 թ-ի օգոստոսին:
 
Նիգերում բնակվում են հաուսա (ավելի քան 50 %-ը), սոնգհայի, ջերմա, կանուրի, տուբու, տուարեգ, գուրմա ժողովուրդները, ֆրանսիացիներ: Բնակչության 80 %-ը մահմեդականներ են, կան քրիստոնյաներ, շատերը պահպանել են տեղական հավատալիքները: 
Խոշոր քաղաքներն են Նիամեյը, Զինդերը, Մարադին:
 
Նիգերը թույլ զարգացած ագրարային երկիր է: Անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով մշակվող հողատարածություններն զբաղեցնում են երկրի տարածքի 25 %-ը, իսկ արոտավայրերն ու խոտհարքները՝ 28 %-ը: Մշակում են գետնանուշ, կորեկ, սորգո, բատատ, ծխախոտ: Տիրապետող է քոչվոր անասնապահությունը: Երկրում կան գետնանուշի ձեթի զտման, ոչ ալկոհոլային խմիչքների, մետաղե և կաշվե իրերի արտադրության ձեռնարկություններ:
Գյուղական վայրերում տարածված են ծղոտե խրճիթները, կավածեփ կամ քարաշեն, խոտե ծածկով տները: Քոչվոր բնակչությունն ապրում է կաշեծածկ վրաններում: Նիամեյի և այլ քաղաքների նոր թաղամասերը կառուցապատվում են ժամանակակից շենքերով:
Նիգերի ժողովրդի մշակույթում առանձնանում են ազգային պարերը և  փայտե տիկնիկներով ներկայացումները:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: