Առողջապահություն

Էկզեման հաճախ մանկականից վերածվում է մեծահասակների հիվանդության

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բազմաթիվ երեխաների մոտ էկզեման կարող է շարունակվել նաև հասուն տարիքում: Թեպետ էկզեման հաճախ առաջանում է մանկական տարիքում, սակայն նոր հետազոտության համաձայն՝ էկզեմայով երեխաները, շատ հավանական է, որ շարունակեն ունենալ մաշկային խնդիրներ մինչև 20 տարեկանը, իսկ որոշ դեպքերում նաև ամբողջ կյանքում:
«Էկզեման մաշկային հիվանդություն է, որը հիմնականում փոքր երեխաների մոտ է լինում: Այսպիսի հիվանդների մոտ մաշկը շատ զգայուն է բորբոքումների, ինֆեկցիաների և ալերգիաների հակումով», - ասում է Նյու Յորքի Մաունթ Սինայ հիվանդանոցի մաշկաբան Ջոշուա Զեյխները:
 
«Հիվանդության տարբերակիչ նշանն է քորը, որը դեղորայքի համար աննկարագրելի ծախսերի պատճառ է դառնում, բերում է կյանքի որակի և միջանձնային հարաբերությունների վատթարացման, ինչպես նաև ուսման և աշխատանքի ժամանակի կորստի»:
 
Նախկինում համարվում էր, որ էկզեման անցնում է, երբ երեխաները մեծանում են: Այդ իսկ պատճառով փորձագետները երկար տարիներ հետևել են հիվանդության բնականոն ընթացքին և հայտնաբերել, որ ախտանիշները կարող են պահպանվել ավելի երկար, քան նախկինում կարծում էին՝ ձգվելով մինչև կյանքի երկրորդ տասնամյակ և ավելի:
 
Փենսիլվանիայի համալսարանի Պերելման բժշկական դպրոցի հետազոտողներ բժիշկ Դեվիդ Մարգոլիսը և իր գործընկերներն ուսումնասիրել են էկզեմայի ախտանիշներն ավելի քան 7100 երեխայի մոտ երկար ժամանակի ընթացքում: Ախտանիշներն սկսվելուց երեխաների միջին տարիքը երկու տարեկանից չէր անցնում:
 
"JAMA Dermatology" ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում էր, որ երեխաների ավելի քան 80%-ը շարունակել է տառապել էկզեմայի ախտանիշներից և դեղորայք խմել մինչև 26 տարեկանը: Եվս 5 տարի հետո հիվանդների 64%-ը հայտարարել է, որ չի եղել այնպիսի 6-ամսյա ժամանակահատված, որի ընթացքում նրանք մաշկին դեղ չեն քսել:
 
Սակայն հետազոտողները նշում են, որ ծրագրում մասնակցություն են ունեցել միայն էկզեմայի ծանր տեսակով տառապող երեխաներ, որը շատ դժվար է բուժման ենթարկվում: «Էկզեմայով երեխաները և նրանց ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն մաշկի խոնավեցմանը ճիշտ բաղադրիչներով, ինչպիսին ցերամիտներն են, որոնք այդպիսի երեխաների մաշկում գենետիկորեն բացակայում են», - ասում է Նյու Յորքի Լենոքս Հիլլ հիվանդանոցի մաշկաբան Դորիս Դեյիզը:
 
«Մաշկն անհրաժեշտ է խնամել նույնիսկ այն ժամանակ, երբ ախտանիշները շատ արտահայտված չեն, և էկզեման վերահսկելի է»,- շարունակում է բժիշկը: «Կարևոր է նաև վերահսկել սթրեսը, որովհետև սթրեսը նույնպես ուժեղացնում է էկզեմայի ախտանիշները»:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: