Հանրագիտարան

Հինամացուրի (Աղջիկների տոն, Ճապոնիա)

Ճապոնական «Հինամացուրի» ազգային տոնը նշվում է մարտի 3-ին և ունի 300 տարվա պատմություն: Հինամացուրին փոքրիկ աղջիկների տոն է: Միաժամանակ այն կոչվում է նաև Դեղձի ծաղկման տոն: Տոնի հիմքն ընտանիք ստեղծելու, ընտանիքի բարօրության գաղափարն է: Նախկինում Ճապոնիայում թղթից հինա տիկնիկներ էին պատրաստում, մարմնին հպում և հավատում, որ տիկնիկն իր վրա է վերցնում մարդու հիվանդությունները, դժբախտությունները:
Այնուհետև տիկնիկը դնում էին ծղոտե զամբյուղի մեջ և նետում գետը: ժամանակի ընթացքում տոնակատարության արարողակարգում նորարարություններ մուտք գործեցին: Տոնի ժամանակ պատրաստում էին աստիճանահարթակներ և դրանց վրա դնում էին համապատասխան հանդերձանքով և գունային տեսակով տիկնիկներ:
 
Այս հանգամանքը պարտադիր էր: Վերջին շրջանում Ճապոնիայում նաև թանկարժեք ճենապակուց են տիկնիկներ պատրաստում, ապա կազմակերպում տիկնիկների ցուցահանդես: Աշխատանքներով կարելի է հիանալ միայն այդ օրը, իսկ տիկնիկները պահում են սերնդեսերունդ, փոխանցում ժառանգաբար: 
 
Սովորաբար տոնին պատրաստվում են մի քանի օր առաջ: Ամենասկզբում հարթակների վրա տիկնիկներն են շարում, վերջում նոր մտածում տան կահկարասիի և մնացած կահավորանքի մասին, այդ օրն աղջիկները հագնում են իրենց տոնական հագուստները, զարդարվում ծաղիկներով:
 
Տոնը նշելիս աղջիկները ցանկանում են նմանվել այն տիկնիկներին, որոնք պատրաստել են, տոնակատարության ընթացքում աղջիկները նաև քաղցրավենիք են հյուրասիրում հյուրերին: Հայաստանում ևս ճապոնական արվեստի մասին գիտեն և նշում են այս գեղեցիկ տոնը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: