Հանրագիտարան

Անկախության օր (Բանգլադեշ)

Բանգլադեշը պետություն է Հարավային Ասիայում: Գտնվում է Ինդոս-Գանգեսյան դաշտավայրի արևելյան ծայրամասում՝ Գանգես և Բրահմապուտրա գետերի դելտայի սահմաններում:
Դելտան ցածրադիր է, մեծ մասը՝ ճահճացած: Երկրի հյուսիս-արևելքում ու արևելքում ցածրադիր Լուշայի, Չիտագոնգ լեռնաշղթաներն են և Բարինդ ու Մադխուպուր բարձրությունները: Կան քարածխի, բնական գազի, լիգնիտի, երկաթի հանքավայրեր:
 
Բանգլադեշում տարին բոլոր տաք է: 150-200 տարի առաջ երկրի մեծ մասը ծածկված էր անանցանելի անտառներով ու սավաննաներով: Այժմ դրանք իրենց տեղը զիջել են մշակաբույսերին: Անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով: Կենդանական աշխարհը հարուստ ու բազմազան է:
 
Առաջին պետական միավորումներն առաջ են եկել մ. թ. ա. VII–VI դարերում: Դրանցից մեկը Վանգա պետությունն էր, որից և ծագում է երկրի Բանգլադեշ անվանումը («Բանգլա» - բենգալական և «դեշ» - երկիր): Երկրի տարածքում դարեր շարունակ գոյություն են ունեցել բարձր մշակույթ ունեցող տարբեր պետություններ:
 
Նախորդ գրեթե 2 հարյուրամյակում այստեղ տիրապետել են անգլիացիները, որոնք, օգտվելով Մեծ մողոլների կայսրության անկումից, նվաճել են Բենգալիան: 1947թ.-ից այդ տարածքը կազմում էր Պակիստանի մի մասը և միայն 1971թ.-ի մարտի 26-ին դարձավ անկախ պետություն:
 
«Բենգալացիների երկիրն» իր տարածքով մեծ չէ, սակայն բնակչության թվով աշխարհում գրավում է 8-րդ տեղը և աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից է: Բնակչության 98%-ը բենգալացիներ են: Բնակվում են նաև Հյուսիսային Հնդկաստանից եկած ցեղեր, որոնք հավաքական անունով կոչվում են «բիհարի», ինչպես նաև բազմաթիվ այլ փոքրաթիվ ցեղեր:
 
Բենգալացիների մեծ մասն ապրում է գյուղական վայրերում: Վախենալով ջրհեղեղներից՝ նրանք տները հաճախ կառուցում են արհեստական բարձունքներում: Գյուղական տների կմախքը կառուցում են եղեգից կամ ծառի ճյուղերից, իսկ պատերը՝ կավով ներծծված ջուտի խսիրներից: Տանիքը ծածկում են ծղոտով կամ արմավենու տերևներով, իսկ երբեմն կղմինդրով կամ թիթեղով:
 
Ծոցամերձ դաշտերում ցանում են բրինձ: Այն բենգալացիների հիմնական սննդամթերքն է: Մշակում են նաև բանջարեղեն, ադամաթուզ, կոկոսյան արմավենի: Քանի որ ամբողջ տարին տաք է ու խոնավ, հավաքում են 2 և նույնիսկ 3 բերք: Դաշտերը հերկում են գոմեշներով, իսկ բրինձը տնկում են ձեռքով:
 
Երկրի մայրաքաղաքի տները հիմնականում 1-2 հարկանի շենքեր են, փողոցները լեփ-լեցուն են հեծանվորդներով: Երկիրն ունի երկաթուղիներ, բայց հիմնական փոխադրամիջոցը ջրայինն է: Բեռների մեծ մասը տեղափոխվում է նավերով կամ նավակներով:
 
Գլխավոր ծովային նավահանգիստ Չիտագոնգից այլ երկրներ են արտահանում թեյ, ջուտ ու ջուտից պատրաստված իրեր՝ պարան, պարկեր, գորգեր: Տարածված են փայտի փորագրությունը, փղոսկրե և եղեգնյա հյուսածո իրերի պատրաստումը, բրուտագործությունը, ջուլհակությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: