Հանրագիտարան

Անկախության տոն (Հունաստան)

Հունաստանի Անկախության տոնը (Independence Day in Greece) յուրաքանչյուր տարի նշվում է մեծ շուքով և համարվում է պետության կարևորագույն նշանակություն ունեցող տոներից մեկը:
1814թ.-ին հիմնադրվեց մի գաղտնի կազմակերպություն, որը կոչվում էր Ֆիլիկի Էտերիա Հունաստանի ազատագրման համար։ Ֆիլիկի Էտերիան պլանավորեց սկսել հեղափոխությունը Պելեպոնեսում, Դանուբյան դքսությունում և Կոստանդինապոլսում։
 
Առաջին ընդվզումն սկսվեց 1821թ.-ի մարտի 6-ին Դանուբյան դքսությունում Ալեքսանդր Իպսիլանտիսի գլխավորությամբ, բայց շուտով ճնշվեց։ Նույն ամսվա վերջին Պելեպոնեսում սկսվեցին ընդվզումներ Օսմանյան կայսրության դեմ, և 1821թ.-ի հոկտեմբերին գրավվեց հունական Տրիպոլի քաղաքը։
 
Պելեպոնիսյան հեղաշրջմանն արագ հետևեցին հեղաշրջումներ Կրետեում, Մակեդոնիայում և Կենտրոնական Հունաստանում։ Մինչ այդ հունական ռազմածովային ուժերն ունեցան առավելություն օսմանյան ռազմածովային ուժերի նկատմամբ Էգեյան ծովում և կանխեցին օսմանյան զորքերի համալրումը։
 
1822թ.-ին և 1824թ.-ին թուրքերը և եգիպտացիները, սակայն, ներխուժեցին կղզիներ, մասնավորապես՝ Քիոս և Պսարա՝ զանգվածային ջարդի ենթարկելով տեղի բնակչությանը։ Լարվածությունը շուտով աճեց երկու հունական խմբակցությունների միջև, որը բերեց քաղաքացիական պատերազմի։
 
Նույն ժամանակ Օսմանյան կայսրության սուլթանը բանակցությունների մեջ մտավ եգիպտական սուլթան Մուհամեդ Ալիի հետ, որը պետք է ուղարկեր իր որդուն՝ Իբրահիմ փաշային, որպեսզի նա ճնշեր ապստամբությունը՝ փոխարենը խոստանալով տարածքներ։
 
Իբրահիմը հասավ Պելեպոնես 1825թ.-ի փետրվարին և միանգամից հաջողություններ ունեցավ: 1825թ.-ի վերջում եգիպտացիների հսկողության տակ անցավ Պելոպոնեսի մեծ մասը։ Չնայած Իբրահիմը պարտություն կրեց Մանի թերակղզում, բայց նա ճնշեց ապստամբության մեծ մասը և վերանվաճեց Աթենքը։
 
Մի քանի տարի բանակցելուց հետո երեք մեծ տերությունները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) որոշեցին միջամտել հակամարտությանը և Հունաստան ուղարկեցին ռազմանավեր։ Այս նորություններից հետո օսմանաեգիպտական ռազմածովային ուժերը որոշեցին հարձակվել հունական կղզիների վրա։ Մեկշաբաթյա բախումից հետո օսմանաեգիպտական ուժերը պարտություն կրեցին։
 
Ֆրանսիական զորքերն ստիպեցին եգիպտական զորքերին ազատել Պելոպոնեսը, իսկ հունական ուժերն ազատագրեցին կենտրոնական Հունաստանը 1828թ.-ին։ Որպես արդյունք երկարամյա պայքարի ստեղծվեց Առաջին հելլենական հանրապետությունը, որը վերջնական ճանաչում ստացավ Լոնդոնի արձանագրությամբ 1830թ.-ին։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: