Առողջապահություն

Ելակը բուժում է սիրտը

Ելակը նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ. այսպիսի եզրակացության են հանգել իտալացի և իսպանացի հետազոտողները, որոնք 23 կամավորի ամենօրյա սննդակարգում 1 ֆունտ (մոտ կես կիլո) ելակ են ավելացրել:
Փորձը, որը կատարել են "Marche" ճարտարագիտական համալսարանի (Իտալիա) և "Salamanca" համալսարանի (Իսպանիա) հետազոտողները, տևել է մեկ ամիս: Մասնակիցները հետազոտության համար արյուն են հանձնել փորձից առաջ և հետո։
 
Արդյունքները, որոնք հրապարակվել են "Nutritional Biochemistry" ամսագրում, ցույց են տվել, որ խոլեստերինի ընդհանուր քանակը, ցածր խտության լիպոպրոտեիդների մակարդակը (վատ խոլեստերին) և տրիգլիցերիդների քանակը նվազել է մինչև 8,78 %, 13,72 % և 20,8 % համապատասխանաբար: Բարձր խտության լիպոպրոտեիդները (լավ խոլեստերին) մնացել են անփոփոխ:
 
Մասնակիցների այլ տվյալներ ևս բարելավվել են՝ պլազմայի ընդհանուր լիպիդային պատկերը, հակաօքսիդանտ կենսամարկերները (ինչպես վիտամին С-ն), հակահեմոլիտիկ պաշտպանությունը և տրոմբոցիտների գործառույթը: Բոլոր պարամետրերը նախնական վիճակին են վերադարձել «ելակաբուժությունից» 15 օր հետո:
 
Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ելակը հզոր հակաօքսիդանտ է: Սակայն "Marche" համալսարանի գիտնականների խոսքով դա առաջին հետազոտությունն է, որն ապացուցում է`   ելակը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկային գործոնները:
 
Գիտնականներն առայժմ չգիտեն, թե հատկապես որ բաղադրիչն է այդպիսի զարմանալի ազդեցություն ունենում, բայց կարծում են, որ դա անտոցիանն է՝ բուսական պիգմենտը, որը պտղին տալիս է կարմիր գույն:
 
Հետազոտողները նաև պարզել են, որ ելակի պարբերական օգտագործումը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից, նվազեցնում է վնասը, որն ալկոհոլը կարող է ունենալ ստամոքսի լորձաթաղանթի վրա, ամրապնդում է արյան կարմիր բջիջները, լավացնում է արյան հակաօքսիդանտության ցուցանիշները:
 
Աղբյուրը՝ med.news.am
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: