Հանրագիտարան

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսություն (կոչվում է նաև ֆերմերություն կամ հողագործություն) կենդանիների, բույսերի, սունկերի և սննդի համար օգտագործվող այլ կենսաբանական արտադրանքների բազմացումն ու բուծումն է:

Գյուղատնտեսությունը զբաղվում է գյուղատնտեսական բույսերի մշակությամբ և գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ՝ երկրագործական և անասնաբուծական մթերքներ ստանալու համար: Գյուղատնտեսությունը բնակչությանն ապահովում է սննդամթերքով, արդյունաբերության շատ ճյուղերին`   հումքով: Ընդգրկում է երկրագործություն և անասնապահություն ճյուղերը, նաև մթերքների նախնական վերամշակման տարբեր տեսակներ:

Նախնադարյան մարդը դեռևս մ. թ. ա. X հազարամյակում հավաքչությունից և որսորդությունից անցել է բույսերի մշակմանն ու կենդանիների ընտելացմանը: Շատ գիտնականների կարծիքով`   գյուղատնտեսությունը ծագել է Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի և Ամերիկայի բարեխառն ու առավել խոնավ կլիմա ունեցող շրջաններում:
 
Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի ձևավորման նախասկզբնական կենտրոններից է:
 
Երկրագործություն
 
Երկրագործությունն ընդգրկում է պարենային, տեխնիկական, կերային և գյուղատնտեսական այլ բույսերի մշակությունը: Երկրագործության կարևորագույն խնդիրը հողի բնական բերրիության բարձրացումն է ագրոտեխնիկական և հողբարելավման միջոցառումներով: Տարբերում են երկրագործության էքստենսիվ ու ինտենսիվ, կայուն, անջրդի, ոռոգելի, բևեռային, լեռնային և այլ ձևեր:
 
Հողը մշակելու համար վաղ անցյալում օգտագործել են բրիչներ և բհիրներ, իսկ նոր քարի դարից սկսած՝ արորներ, նախագութաններ, գութաններ, հնձող ու կալսող գործիքներ: Առաջին երկրագործական բույսերը՝ ցորենը, գարին, բրինձը, պտղատուները, մշակվել են`   սկսած մ. թ. ա. X–VIII հազարամյակներից: Որոշ գիտնականներ ցորենի բուն հայրենիքը համարել են Հայաստանը: Մշակաբույսերն աճեցվել են հիմնականում ոռոգելի հողերում, սննդառությունը կարգավորվել է գոմաղբով պարարտացման միջոցով: Մի շարք ժողովուրդների առասպելներում առաջին արորը եղել է ոսկուց և համարվել է աստվածների պարգևը:
 
Անասնապահություն
 
Անասնապահությունն ընդգրկում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծումը՝ անասնապահական մթերքներ արտադրելու նպատակով: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը՝ բանող ուժ (ձի, եզ, ջորի, ուղտ, եղջերու), օրգանական պարարտանյութ (գոմաղբ և թռչնաղբ): Անասնապահության առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային պատրաստուկներ, տարբեր նյութեր դեղագործության համար (օրինակ՝ թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ և այլն): 
 
Վայրի կենդանիների և թռչունների ընտելացումն սկսվել է հին քարի դարում: Առաջինն ընտելացվել է շունը, ապա՝ խոզը, խոշոր եղջերավորները, ոչխարը, այծը, ճագարը, ձին և էշը: Ընտելացված կենդանիների բազմացման, աստիճանական բարելավման և ընտրասերման միջոցով դրվել է անասնապահության տարբեր ճյուղերի հիմքը: Ժամանակակից անասնապահությունն ընդգրկում է տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, թռչնաբուծությունը, ուղտաբուծությունը, եղջերվաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը և շերամապահությունը:
Հայաստանի լեռներում ներկայումս հանդիպող վայրի ոչխարը և այծն ընտանի տեսակների նախահայրերն են: Հնագիտական պեղումների տվյալները հաստատում են, որ հին Հայաստանում բուծվել են նրա տարածքում այժմ հայտնի գյուղատնտեսական կենդանիների բոլոր տեսակները:
 
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: