Հանրագիտարան

Ասիա

Տարածքը (ներառյալ կղզիները)՝ 44.445 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 2.730 հզ. կմ2
Ափագիծը՝ 62 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 960 մ
Պետությունների թիվը`   50
Բնակչության ընդհանուր թիվը`   3.6 մլրդ

Ասիան զբաղեցնում է երկրագնդի ամբողջ ցամաքի մեկ երրորդ մասը: Նրա ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային սառուցյալ  օվկիանոսը, հարավից՝ Հնդկական  օվկիանոսը, արևելքից՝ Խաղաղ օվկիանոսը, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Միջերկրական ծովը: 

Ասիան ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունը գրեթե 3 անգամ ավելի է, քան Եվրոպայինը: Այստեղ գերակշռում են լեռնաշղթաները և սարահարթերը, որոնք կազմում են տարածքի 3/4-ը: Կենտրոնական մասում գտնվում է Տիբեթի սարահարթը, որի հարավային եզրին բարձրանում են երկրագնդի ամենաբարձր լեռները՝ Հիմալայները (Ջոմոլունգմա կամ Էվերեստ գագաթի բարձրությունը 8848 մ է): Ասիայում է գտնվում երկրագնդի ամենացածր կետը՝ Մեռյալ ծովի ափին Գհոր իջվածքը (-405 մ):
Ասիայի ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է երկրաբանական երկարատև ժամանակաշրջանի ընթացքում: Առանձնացվում են նորագույն ծալքավորության երկու`   Ալպ-Հիմալայան (Մեծ և Փոքր Կովկասի լեռներ, Հայկական, Փոքրասիական և Իրանական լեռնաշխարհներ, Զագրոսի, Կոպետդաղի, Էլբուրսի լեռներ, Հիմալայներ, Կարակորում) և Խաղաղօվկիանոսյան (Կորյակական, Կամչատկայի, Սախալինի և այլ լեռներ), և մեկ հին (Պամիր, Տյան-Շան, Ալթայի, Արևմտյան և Արևելյան Սայաններ, Մերձբայկալի ու Անդրբայկալի լեռներ) գոտիներ:
Ասիայի ռելիեֆին բնորոշ ձևերից են նաև սարահարթերը (Միջինսիբիրական, Արևելաչինական, Դեկանի, Արաբական) և դաշտավայրերը (Միջագետքի, Ինդոս-Գանգեսյան, Չինական Մեծ, Կուր-Արաքսյան, Կոլխիդայի, Թուրանի):
Ասիայի կլիման չափազանց բազմազան է, որը պայմանավորված է հիմնականում տարածքի ընդարձակությամբ, հյուսիսից հարավ մեծ ձգվածությամբ, ռելիեֆի մեծ հակադրություններով: Հյուսիսային Ասիան աչքի է ընկնում արկտիկական և մերձարկտիկական կլիմայով:
 
Վերխոյանսկի և Օյմյակոնի շրջաններում է գտնվում Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրը (-870C)՝ ցրտի բևեռը: Տարվա մեծ մասը Ասիայի հյուսիսը ծածկված է ձյունով, մոլեգնում են ձնահողմերը, փչում սառցաքամիները, տունդրայում բոցավառվում է բևեռափայլը:
Դեպի հարավ աշխարհամասում հսկայական տարածություններ են զբաղեցնում թավախիտ ասեղնատերև անտառները՝ տայգան, որտեղ աճում են խեժափիճին, սիբիրյան եղևնին, մայրին: Այստեղ բնակվում են արջեր, գայլեր, աղվեսներ, ճյուղից ճյուղ են թռչկոտում արագաշարժ սկյուռները, ծառերի մեջ են թաքնվում գեղեցիկ սամույրները:
Կենտրոնական ասիական սարահարթը եզերող լեռներն Ասիայի հարավը փակում են հյուսիսային ցուրտ քամիներից: Հնդկական տաք օվկիանոսով ողողվող աշխարհամասի հարավային ափերին հավերժական ամառ է: Այստեղ շատ շոգ է, ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, աճում են մշտադալար անտառներ՝ ջունգլիներ: Հիմալայներից դեպի հարավ գտնվում է երկրագնդի ամենաանձրևոտ (12000 մմ) վայրը՝ Չերապունջին: Տարվա ընթացքում այստեղ այնքան անձրև է տեղում, որ եթե թափված ամբողջ անձրևաջուրը հավաքենք մի տեղ, ապա այն ջրածածկ կանի քառահարկ շենքը: Ջունգլիներում բնակվում են փղեր, վագրեր, ռնգեղջյուրներ, կապիկներ, բազմաթիվ գեղեցիկ թռչուններ: 
 
Մեծ տարածություններ են զբաղեցնում անապատներն ու կիսաանապատները (Գոբի, Տակլա-Մական, Կարակում, Կզըլկում, Թար, Ռուբ Էլ Խալի և այլն), որտեղ աճում են օշինդր, ուղտափուշ, սաքսաուլ: Կենդանիներից հանդիպում են այծքաղներ, ուղտ, կուլան, Պրժևալսկու ձի, մողեսներ և այլն:
Ասիայում շատ են ջրառատ, խոշոր գետերը (Յանցզի, Հուանհե, Մեկոնգ, Ամուր, Լենա, Ենիսեյ, Ինդոս, Գանգես, Եփրատ, Տիգրիս, Արաքս): Այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ՝ Կասպից, և ամենախոր՝ Բայկալ, լճերը:
Ընդերքում հայտնաբերված են զանազան օգտակար հանածոների (հատկապես`   նավթի, գազի, քարածխի, երկաթի, գունավոր մետաղների և թանկարժեք քարերի) խոշորագույն պաշարներ:
Արևելյան Ասիայի ափերը ողողող Խաղաղ օվկիանոսում կան բազմաթիվ հրաբխային կղզիներ, իսկ օվկիանոսի հատակին՝ մի քանի չափազանց խոր իջվածքներ (անդունդներ): Օրինակ՝ Մարիանյան իջվածքի ամենամեծ խորությունը 11 կմ-ից ավելի է, Ասիայի արևելյան ծովեզերքին և կղզիներում, ինչպես նաև Ալպ-Հիմալայան երկրագոգածալքային գոտում հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ: Օվկիանոսում առաջանում են սարսափելի փոթորիկներ՝ թայֆուններ, որոնք հսկայական ալիքներ են բարձրացնում: Թայֆունները կատաղի արագությամբ սլանում են դեպի ցամաք՝ ճանապարհին կոծանելով ամեն ինչ և իրենց հետ բերելով տեղատարափ անձրևներ:
Արևմուտքում Ասիայի ափերը ողողում են Միջերկրական ծովի ջրերը: Նրա ափերին ամռանը շոգ է, ձմռանը՝ խոնավ ու տաք: Այստեղ աճում են արմավենիներ, նարնջի ու կիտրոնի ծառեր: Ասիայի հարավ-արևմուտքում Արաբական թերակղզու ափերն է ողողում Կարմիր ծովը: 
 
Բնական լանդշաֆտներն անխաթար պահելու, անհետացող բույսերն ու կենդանիները փրկելու համար Ասիայում ստեղծվել են բազմաթիվ պահպանվող տարածքներ, ազգային պարկեր ու արգելոցներ (Խազարիբագ, Ինդրապուրա, Սիխոտե-Ալինի, Ուսսուրական, Կզըլկումի, Կարակումի, «Սևան», «Դիլիջան» և այլն):
Գիտնականները հնագիտական պեղումներով պարզել են, որ բանական մարդն այստեղ հայտնվել է առնվազն 400 հզ. տարի առաջ:
Ասիայում են ձևավորվել մոնղոլոիդ ռասան, աշխարհի խոշոր լեզվաընտանիքներից վեցը, այդ թվում`   ամենախոշորները՝ հնդեվրոպական և չին-տիբեթական լեզվաընտանիքները: Ասիան բազմազգ աշխարհամաս է. ազգերի և ազգությունների թիվն անցնում է 1000-ից: Առավել մեծաթիվ են չինացիները, հնդիկները, ճապոնացիները, ռուսները, պարսիկները, աֆղանները, տաջիկները  և այլք: Ասիայում են ձևավորվել և աշխարհով մեկ տարածվել համաշխարհային 3 կրոնները`   հինդուիզմը, քրիստոնեությունն ու մահմեդականությունը, առաջավորասիական և արևելյան քաղաքակրթությունները: Ամենավաղ քաղաքակրթություններն առաջացել են Միջագետքում, Ինդոս գետի ավազանում և Չինաստանում: Այստեղ են կառուցվել աշխարհի առաջին քաղաքները, գրվել առաջին օրենքները, ձևավորվել երկրագործությունը`   ընտելացվել են մի շարք բույսեր և կենդանիներ:
 
Մեզ են հասել հնագույն ժամանակների մշակույթի այնպիսի աշխարհահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են Բաբելոնի, Պալմիրայի, Չինաստանի, Հնդկաստանի բազմաթիվ հեքիաթային տաճարները, պալատները, մզկիթները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: