Նորություններ

Թումանյանը զավակների հուշերում

Կրթական 2019-04-02

Մարտի 26-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կայացավ միջոցառում՝ «Թումանյանը զավակների հուշերում»խորագրով: Դպրոցը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն էր բացել Լոռու մարզի կրթության, մշակույթի վարչության աշխատակիցներ Մհեր Մելիքյանի, Մարգարիտա Կիրակոսյանի, Ստ. Զորյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանի, Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանի տնօրեն, գրող-թարգմանիչ, լրագրող Խորեն Գասպարյանի և այլ հարգարժան հյուրերի, ծնողների առաջ: Հ. Լոռյանի հետաքրքիր մտահղացման արդյունքում բեմական ձևավորումը, ընդհանուր միջավայրը բավական ֆոնային էին: Միջոցառումը հագեցած էր, 8-րդ «ա» դասարանի սաները կարողացան բավականին բնական, բայց միևնույն ժամանակ արտիստիկ խաղով գրավել: Թումանյանի բանաստեղծական աշխարհի, նաև հիշողության կերպով Մեծ Լոռեցու կյանքի կարևորագույն դեպքերի վեր հանելը, ինքնօրինակ երաժշտական կատարումները ցերեկույթը, իսկապես, դարձրեցին անմոռանալի տպավորիչ: Միջոցառումն իր ձևաչափով էլ նորույթ էր, որովհետև մասնակից երեխաների մի մասը իրենց ներկայությունը ապահովել էին հեռավար՝ Դսեղից՝ Թումանյանի անվան տուն-թանգարանից: Անմիջական մասնակցություն ունեցավ նաև Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի տնօրեն տիկին Ռոզա Ղազումյանը ՝ մի շարք հետաքրքիր տեղեկություններ տալով Թումանյանի ընտանիքի մասին: Հարգարժան հյուրերը նույնպես գնահատանքի խոսքեր ասացին: Նրանցից ամեն մեկն իր հոգում ապրող Թումանյանի հետ էր այդ օրը: Տպավորիչ էր, անշուշտ, նրանցից յուրաքանչյուրի վերաբերմունքը թե՛ Թումանյանի, թե՛ գրողի հիշատակին նվիրված միջոցառման մասնակից երեխաների հանդեպ: Միջոցառման մաժոռային ակորդը պարոն Մ. Մելիքյանի չդադարող ասմունքն էր: Նորից համաձայնում ենք մեծ գրողի այն կարծիքին, որ կյանքում ամենից վատ բանն անճաշակ լինելն է, իսկ այդ օրն ամեն ինչ ճաշակով էր բուրում, քանզի դպրոցական մի տարածք դարձել էր մի ամբողջ տիեզերք՝ վերստեղծելով մտածելակերպ, որ սիրել է պետք կյանքը և կարևորել ու պահպանել մեր ազգային արժեքները:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: