Նորություններ

Կրթության բովանդակության ու ռազմավարության օրակարգային խնդիրների քննարկում

Ուշագրավ 2019-03-26

«Կրթության բովանդակության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունենք»,- այս մասին գործադիրի արտահերթ նիստում նշել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այդ խնդիրների լուծումը կրթության բովանդակության ու ռազմավարության առումով օրակարգային է: Վարչապետը նշել է նաև, որ նպատակը պետք է լինի այն, որ կրթական ամեն ժամ ու րոպե օգտագործվի արդյունավետ, և կառավարությունը շատ հստակ գիտակցի, թե դասապրոցեսի ընթացքում որևէ առարկայով երեխային զբաղեցնելով ինչ խնդիր է դնում իր առաջ լուծելու: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թեև կրթության ոլորտում կան հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ, բայց դա չի նշանակում «ափալ-թափալ» չմտածված որոշումներ կայացնել: «Մենք պետք է բաց լինենք առաջարկների, դիտողությունների, քննադատությունների համար և պետք է կշռենք փաստարկները և գանք դրանց հիման վրա եզրակացությունների»,- նշել է նա: Կառավարության ղեկավարի խոսքով՝ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևողական, մտածված քայլեր: Վարչապետը նշել է, որ կոռուպցիայի, ընտրակեղծիքների դեմ պայքարը նաև կրթական համակարգում պետք է տեղ գտնի: «Սրանք չափազանց բարդ հարցեր են, բայց այդ բարդությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ պահից պետք է հրաժարվենք կամ հոգնենք այդ աշխատանքով զբաղվելուց: Այս հարցերը խորքային են, որոնք կանխորոշելու են մեր պետության, հանրության ապագան։ Երրորդ հանրապետության պատմության մի մեծ շրջանում մենք այդ կուլտուրան ունեցել ենք, երբ ընդունված չէր, որ իշխանությունն իրական հարցերը հանրության հետ բաց, պարզ, ազնիվ քննարկի: Մենք պետք է այդ կուլտուրայից դուրս գանք: Մենք պետք է շատ սուր հարցերն ուղիղ քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում: Հակառակ դեպքում մենք տեղապտույտի վիճակում կհայտնվենք»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Աղբյուրը՝ Panorama.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: