Նորություններ

Հայ աշակերտները՝ Կանագավայի 20-րդ բիեննալեի նկարչական ցուցահանդեսի մրցանակակիրներ

Ուշագրավ 2019-03-21

Ճապոնիայում անցկացված Կանագավայի 20-րդ բիեննալեի մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդեսում ՀՀ դպրոցականներն արժանացել են «Կանագավա» մրցանակի: Ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 27 599 աշխատանք՝ աշխարհի 92 երկրից, որոնցից միայն 350-ն է արժանացել վերոնշյալ մրցանակին: Միջազգային ցուցահանդեսի նպատակն էր նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև տարբեր երկրների միջև միջմշակութային կապերի ստեղծումը: Մրցանակների են արժանացել Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Ավետիսյանը, Արթիկի Գեղարվեստի դպրոցի սան Լիլիթ Մարկոսյանը, Արզականի Արվեստի դպրոցի սան Մարիա Արմենակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղանկարչության խմբակի սաներ Հովսեփ Տոլբակյանը և Աննա Մկրտչյանը: «Ընտանիք» կենտրոնի սաների մասնակցությունը հեղինակավոր այս մրցույթին միջազգային հարթակում ներկայանալու առաջին փորձն էր: Նկարչական առաջին քայլերը նրանք սկսել են «Ընտանիք» կենտրոնում՝ Արթուր Մուրադյանի դասավանդած խմբակում: «Եկեք լինենք բարեկամներ արվեստի միջոցով» թեմայի շուրջ Հովսեփ Տոլբակյանի ու Աննա Մկրտչյանի «Ուրախ ճանապարհորդություն» և «Բնության երգը» աշխատանքները, որոնցում սաներն արտահայտել են աշխարհի երեխաների հետ համերաշխ ապրելու և բարեկամանալու գաղափարը, գրավել են միջազգային ժյուրիի ուշադրությունը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: