Նորություններ

Երևանում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

Ուշագրավ 2019-01-11

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխան կրթություն կազմակերպել՝ որպես նպատակ ամրագրելով կրթական ծառայությունների որակի բերալավումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ կարևորելով անցումը համընդհանուր ներառական կրթության։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքի դպրոցների՝ համընդհանուր ներառական կրթության անցման հայեցակարգն ու ծրագիրը: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկ դպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս-կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների: Կատարվելու է հատուկ և ընդհանուր հանրակրթական դպրոցների աշակերտների կրթական կարիքների առաջնային գնահատում և ուղղորդում դեպի հանրակրթական դպրոց կամ վերոնշյալ կենտրոննե՝ ըստ երեխայի կրթական կարիքի: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Երևանում նախատեսվող համընդհանուր ներառման ժամանակացույցին և դրանից բխող մի շարք խնդիրների: Աղբյուրը՝ Edu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: