Նորություններ

Ստամբուլում բացվել է ցուցահանդես Փարաջանովի 95-ամյակի առթիվ

Ուշագրավ 2019-01-14

Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում բացվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես։ «Մեզ համար այս ցուցահանդեսը շատ կարևոր է, քանի որ Ստամբուլում առաջին անգամ է Հայաստանի պետական թանգարանի ցուցանմուշներով ցուցահանդես բացվում»,- նշել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և հավելեց, որ այն տևելու է մինչև 2019 թվականի մարտի 17-ը: Ի դեպ, վերջին մոտ 30 տարվա ընթացքում այս ցուցահանդեսն ամենամեծն ու նշանավորն է: «Ստամբուլի այդ թանգարանը մասնավոր է և պատկանում է մի մեծահարուստ ընտանիքի, և հենց իրենք էլ առաջարկել էին նմանատիպ ցուցահանդես կազմակերպել: Այն կոչվում է «Փարաջանովն ու Սարգիսը»: Սարգիսը, ով արվեստագետ է, կոնցեպտուալիստ-նկարիչ, արմատներով Պոլսից է, սակայն այժմ ապրում է Ֆրանսիայում: Նա շատ է սիրում Փարաջանովին»,- նշել է մեծանուն ռեժիսորի երևանյան թանգարանի տնօրենը: Միջոցառումը նախաձեռնել են թանգարանի սեփականատերերը: Թողարկվել է նաև մեծ կատալոգ՝ անգլերեն և թուրքերեն լեզուներով: «Ցուցադրույթը շատ գեղեցիկ է ստացվել, այն իրականացրել է Թուրքիայի ամենանշանավոր ձևավորող-նկարիչներից մեկը: Երևանից 75 նմուշ ենք տարել Ստամբուլ, ինչն էլ վկայում է այն մասին, որ սա Փարաջանովին նվիրված ամենամեծ ցուցահանդեսն է, որ երբևէ արվել է: Բացի ցուցանմուշներից, թանգարանում տեղադրված է 40 էկրան, որոնց վրա ցուցադրվում են կինոռեժիսորի ֆիլմերը»,- պատմել է Զավեն Սարգսյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսն օրական 400 այցելու է ունենում: Աղբյուրը՝ Armenpress.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: