Նորություններ

Հանձնարարվել է ընտրությունների ժամանակ դպրոցները հեռու պահել քաղաքական գործընթացներից

Ուշագրավ 2018-11-08

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի և մարզերի կրթության վարչության պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցները հեռու պահել քաղաքական գործընթացներից։ ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ քաղաքական ուժի օգտին. «Եթե նման ահազանգեր և փաստեր լինեն, անկախ նրանից՝ քաղաքական որ ուժի օգտին է արվել քարոզչությունը կամ ում համար են օգտագործվել վարչական լծակները, մեղավորները պատժվելու են»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով մարզերում առկա կրթության խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը որդեգրել է նոր աշխատելաոճ: «Հունվարից սկսած՝ ամեն ամիս ընտրելու ենք մի մարզ, լինելու են այցելություններ տվյալ մարզի ուսումնական հաստատություններ, քննարկումներ են լինելու, փորձելու ենք տեղերում գտնել լուծումներ: Դա չի նշանակում, թե մյուս մարզերի խնդիրներն այդ ամսվա ընթացքում անտեսվելու են. նախարարությունն իր հիմնական գործառույթները կշարունակի իրականացնել: Մենք կարծում ենք, որ այս մեթոդը թույլ կտա տեղերում կուտակված խնդիրները վեր հանել և արդյունավետ լուծումներ գտնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է նաև հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների ընթացքը: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այժմ կրթական չափորոշիչների փոփոխություն է նախատեսվում, զուգահեռաբար փոփոխություներ են կատարվում մի շարք իրավական ակտերում: Փոփոխություն է նախատեսվում տնօրենների ընտրության, ուսուցչի մրցույթի, կառավարման խորհուրդների ձևավորման և առաջին դասարան ընդունելության կարգերում: Որպես նորույթ ներմուծվում է առաջին դասարանցիների գրանցման և ընդունելության էլեկտրոնային համակարգ՝ ելնելով լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից. «Այս բոլոր նախագծերը դեռ քննարկման փուլում են, և կարևոր է նաև, որ դուք ևս առաջարկներ ներկայացնեք»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին` նշել է Արայիկ Հարությունյանը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: