Նորություններ

Դասական երաժշտության անվճար համերգներ՝ Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար

Ուշագրավ 2018-11-07

Ավագ դպրոցների աշակերտների համար ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ մեկնարկում է «ԴասA» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում Երևանի 35 ավագ դպրոցների 14-17 տարեկան 10-12-րդ դասարանների շուրջ 13532 աշակերտներ կայցելեն սիմֆոնիկ երաժշտության համերգների` հնարավորություն ունենալով հետագայում համերգներին հրավիրել նաև իրենց ծնողներին։ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքով` դեռևս ամռանը, երբ քննարկվում էին դպրոցներում մշակութային կրթության զարգացման ծրագրերը, Սիմֆոնիկ նվագախմբի կողմից առաջարկություն էր ներկայացվել` դպրոցականներին հրավիրել դասական երաժշտության համերգների: Ծրագրի նպատակն է դպրոց բերել բարձր արժեքներ և աշակերտներին սովորեցնել լսել դասական երաժշտություն: «Մեր հիմնական նպատակն է աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնել մշակույթի նկատմամբ: Սա այդ ուղղությամբ մշակված նոր ծրագիր է, որն ուղղված է դասական երաժշտության խրախուսմանը»,-նշել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը` հավելելով, որ Սիմֆոնիկ երաժշտության «ԴասA» փորձնական ծրագիրը իրագործվում է աբոնոմենտային ծրագրին զուգահեռ և առայժմ նախատեսված է միայն Երևանի ավագ դպրոցների համար: Հետագայում ընդգրկելու են նաև մարզային դպրոցները: Ըստ որում, ծրագիրը կանցկացվի երեք փուլով՝ Սիմֆոնիկ նվագախմբի անդամները՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, դպրոցներում աշակերտների հետ կիրականացնեն նախապատրաստական աշխատանքներ` հատուկ մշակված ծրագրի և համապատասխան պատրաստում անցած մասնագետների միջոցով՝ նրանց հաղորդելով երաժշտական բազմաշերտ գիտելիքներ։ Այնուհետև աշակերտները «Արամ Խաչատրյան» համերգասրահում կունկնդրեն հատուկ իրենց համար նախատեսված համերգային ծրագրերը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, որոնք թվով 18-ն են լինելու։ Հատկանշական է, որ ծրագրում մեծամասամբ ներառված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հետադարձ կապի միջոցով ուսումնասիրվելու է ծրագրի ազդեցությունն ու արդյունավետությունը։ Մոնիթորինգն իրականացվելու է «ԴասA» բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի կլինի առաջին համերգի օրը՝ նոյեմբերի 10-ին։ Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: