Նորություններ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄՆ-ում արժանացել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա մրցանակին

Ուշագրավ 2018-10-04

Նյու Յորքում հոկտեմբերի 3-ին կայացել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի հանրաճանաչ ներկայացուցիչներ։ Միջազգային այս հեղինակավոր կառույցն ավանդաբար ամենամյա մրցանակը շնորհում է փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ աչքի ընկած անձանց: Այս տարի ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակը շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ըստ որում, Արևելք-Արևմուտք ինստիտուտի մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին և այլք: Մրցանակը հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ Արևելք-Արևմուտք ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Ռոս Փերոթն իր ողջյունի խոսքում մասնավորապես նշել է. «Արևելք-Արևմուտք ինստիտուտը շարունակում է հանձնառու լինել նորարարական ու ստեղծարար լուծումների զարգացմանը՝ կարգավորելու մեր օրերի խնդիրներն ու նախապատրաստվելու ապագայի մարտահրավերներին: Այնպիսի անհատները, ինչպիսին Սարգսյանն է, հնարավոր են դարձնում մեր ջանքերը»: -Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է, հետևաբար, կարծում եմ, որ մենք հաղթանակած ենք լինելու: Ուրախ եմ հայ ազգի մասը լինել: Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ՝ 21-րդ դարի ազգ: Շատ չեն այսպիսի ազգերը, սակայն ես հավատացած եմ, որ փոքր պետություն ունեցող, բայց համաշխարհային ազգերը, որոնք ունեն համաշխարհային փոխկապակցվածություն, կարող են համախմբվել ու կառուցել իրենց երկիրը: Հենց դա է ապագան: Իր շնորհակալական խոսքում նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Աղբյուրը՝ President.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: