Նորություններ

Թեթև աթլետիկայի միջազգային մրցաշար՝ Ստեփանակերտում

Սպորտ 2018-09-18

Սեպտեմբերի 16-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել հեռացատկի հայազգի լեգենդար ռեկորդակիրներ Իգոր Տեր-Հովհաննիսյանի և Ռոբերտ Էմիյանի անվան գավաթի մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարին մասնակցել են մարզիկներ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից և ԱՄՆ-ից, այդ թվում` նաև միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը (ԱՄՆ): Մրցաշարին ներկա գտնվելու համար Արցախ էին ժամանել հեռացատկի Եվրոպայի ութակի և աշխարհի կրկնակի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանը և հեռացատկի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր (8 մետր 86 սմ), ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանը: Մրցաշարի մասնակիցներին ողջունել և երկրի մարզական կյանքում այն կարևոր իրադարձություն է որակել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: «Մրցաշարը խորհրդանշական է, քանի որ կրում է սպորտի լեգենդար երկու հայ մարզիկների անունները: Նրանց փայլուն հաղթանակները տարբեր միջազգային հարթակներում, սահմանված ռեկորդները շոշափելի ազդեցություն են ունեցել թեթև ատլետիկայի զարգացման գործում՝ մեծ համբավ և պատիվ բերելով հայրենիքին: Նրանց ներկայությունն այսօր առանձնահատուկ իմաստ է հաղորդում անցկացվող մրցաշարին: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել՝ պատմական հայրենիքի այս հատվածի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և աջակցության համար»,- նշել է Արցախի Նախագահը: Մրցումների եզրափակիչ փուլում տղամարդկանց ու կանանց 100մ, 400մ, 800մ, 1000մ վազքատարածություններում և հեռացատակում առաջին երեք մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են ԱՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի կողմից: Աշխարհի ամենաարագավազ հայ մարզիկ Ալեքսանդր Դոնիկյանը, ով տղամարդկանց 100 մետր վազքատարածությունում հաղթող է ճանաչվել՝ գրանցելով 10.55 վայրկյան արդյունք, կարծում է, որ Արցախում թեթև աթլետիկայի զարգացումը մեծ հեռանկար ունի: «Ես այստեղ զգացի մեծաթիվ հանդիսականների աջակցություն: Արցախում թեթև ատլետիկայի զարգացումը մեծ հեռանկար ունի, քանի որ արցախցի մարզիկների մոտ տեսնում եմ հաղթանակի մեծ ձգտում և մինչև վերջ անմնացորդ պայքարելու կարողություն: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է և թույլ կտա նրանց ավելի քիչ մարզվելով, մեծ հաջողություններ գրանցել»,-նշել է Ալեքսանդր Դոնիկյանը: Առաջին անգամ Արցախում գտնվող լեգենդար հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանն էլ ասել է, որ սա դեռ միայն սկիզբն է. հաջորդ տարի դարձյալ կայցելի Արցախ՝ նման մրցաշարերի կազմակերպմանն աջակցելու համար: Աղբյուրը՝ Mamul.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: