Նորություններ

Վանի թագավորության հետքերը

Ուշագրավ 2018-09-14

Թուրք հնագետները շարունակում են ուսումնասիրությունները այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգում՝ գտնելով ուրարտական թագավորության նորանոր պատմամշակութային նմուշներ։ Վան քաղաքը հիմնադրել է ուրարտական Սարդուրի Առաջին արքան (Մ․թ․ա 835-825 թվականներ) և, անվանելով այն Տուշպա, դարձրել պետության մայրաքաղաքը։ Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն, իսկ քարաժայռի վրա կառուցված նրա միջնաբերդն իր ռազմավարական նշանակությունը պահպանել է մինչև 1915 թվական։ Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դարի սկզբները), իսկ հյուսիսից՝ բլուրներով։ Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիսարևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը։ Հյուսիս-արևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Ըստ ավանդության՝ քաղաքի արևելյան մասում գտնվող Այգեստան թաղամասում Ասորեստանի թագուհի Շամիրամը կառուցել նաև իր ամառանոցը։ Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները։ Աղբյուրը՝ Тert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: