Նորություններ

Պատանեկան օլիմպիական խաղերը՝ Բուենոս Այրեսում

Սպորտ 2018-09-07

Հոկտեմբերի 6-18-ն Արգենտինայի մայրաքաղաք Բունես Այրեսում տեղի կունենան երրորդ պատանեկան օլիմպիական ամառային խաղերը: Պատանեկան սպորտի համաշխարհային այդ ստուգատեսում առաջին անգամ ասպարեզներում հանդես կգան հավասար քանակի՝ 1963-ական մարզիկներ և մարզուհիներ: Ընդհանուր հաշվով՝ խաղերում հայտավորված 206 երկրի 15-18 տարեկան 3926 մասնակից 32 մարզաձևերում կվիճարկեն խաղարկվող մեդալները: Ի տարբերություն նախորդ՝ երկրորդ խաղերի (2014թ. Նանկին)՝ Բուենոս Այրեսի մրցումների ծրագրում ընդգրկված է հինգ նոր մարզաձև՝ բրեք-դանս, կարատե, ժայռամագլցում, ռոլլեր-սպորտ և ակրոբատիկա: Ցուցադրական ելույթներ կունենան սկվոշ և պոլո մարզաձևերի ներկայացուցիչները: Բուենոս Այրեսում Հայաստանը կներկայացնեն յոթ մարզաձևերի պատվիրակներ: Ծանրամարտում իրենց ուժերը կչափեն Կարեն Մարգարյանը (77կգ) և Լիանա Գյուրջյանը (+63կգ), հունահռոմեական ոճի ըմբշամարտում՝ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), հրաձգությունում՝ Հայկ Բաբայանը (ատրճանակ), թաեքվոնդոյի մրցումներում՝ Անդրանիկ Խաչատրյանը (73կգ), լողում՝ Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ 50մ,100մ և բատերֆլայ 50մ), գեղարվեստական մարմնամարզությունում՝ Յուլիա Վոդոպյանովան և ձյուդոյում՝ Յուրի Իսրայելյանը (55կգ): Խաղերի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր և բաց հանդիպումներ՝ աշխարհահռչակ չեմպիոնների հետ: Մասնակիցները կքննարկեն բովանդակ թեմաներ, սկսած առողջ ապրելակերպից, վերջացրած մարզական հարուստ կենսագրություն ստեղծելու հարցերից: Պատանի աթլետները իրենց կուռքերի հետ շփվելով կհամոզվեն,որ հաջողության հասնելը հնարավոր է և իրենց ուժերից վեր գործ չէ: Պատանեկան խաղերի թալիսմանը Պանդի անունով կատվազգիների ներկայացուցիչ յագուարն է: Այդ հովազը Արգենտինայի հյուսիսի ծագում ունի: Միջոցառման կարգախոսն է «Գիտակցիր ու զգա ապագան»: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: