Նորություններ

Բջջային հավելվածներ՝ դպրոցական աղջիկների կողմից

Ուշագրավ 2018-06-08

Ամփոփվել են «Տեխնովացիա Հայաստան 2018» մրցույթի արդյունքները, ինչին հաջորդել է հաղթող ճանաչված թիմերի պարգևատրման արարողությունը: Ծրագիրը Հայաստանի դպրոցների 10-18 տարեկան աշակերտուհիներին հնարավորություն է տվել բջջային հավելվածներ ստեղծելու տարբեր թեմաներով: 12 շաբաթվա ընթացքում աղջիկների մինչև հինգ հոգանոց թիմերն ուսումնասիրել են որևէ թեմա, դիտարկել թեման իրենց համայնքի համատեքստում և, մենթորների առաջնորդությամբ ձեռք բերելով համապատասխան հմտություններ, ստեղծել այդ խնդրի լուծմանն ուղղված բջջային հավելված։ «Տեխնովացիա Հայաստան 2018» ծրագրի տարածաշրջանային դեսպան Նարինե Աբազյանը նշել է, որ աշխարհի տեխնոլոգիական ձեռներեցության խոշորագույն մրցույթն անցկացվում է ամբողջ աշխարհում՝ 10-18 տարեկան աշակերտուհիների շրջանում: Ծրագրի առաքելությունը երիտասարդ կանանց ոգեշնչումն ու քաջալերումն է, որպեսզի նրանք դառնան առաջնորդներ և նորարարներ՝ տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության միջոցով լուծելով իրենց համայնքներում առկա խնդիրները: Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցել են ավելի մեծ թվով դպրոցականներ: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցելու համար գրանցվել է 398 աշակերտուհի, 94 մենթոր, ձևավորվել է 90 թիմ, որից հայաստանյան եզրափակիչ փուլ են դուրս եկել 49 թիմ՝ 16-ը Երևանից, 33-ը՝ մարզերից: «Տեխնովացիա-Հայաստանյան 2018» մրցույթին մասնակցած 49 թիմերը մայիսի 11-ին, 17-ին, և 18-ին ժյուրիի են ներկայացրել իրենց կողմից ստեղծած բջջային հավելվածները, և առցանց գնահատման արդյունքում որոշվել են հաղթող թիմերը: Այսպիսով, մրցույթի հաղթող են ճանաչվել հանրապետության տարբեր դպրոցների չորս ավագ ու երեք կրտսեր թիմեր, որոնք նաև միջազգային փուլին մասնակցելու ուղեգիր են ստացել: Մրցանակաբաշխությանը տարբեր անվանակարգերում մրցանակներ են ստացel ինչպես հաղթող, այնպես էլ մասնակից թիմերը: Հաղթող թիմերը ներկայացրել են մի շարք հավելվածներ, որոնք վերաբերում են համայքներում զբոսաշրջության զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը, դպրոցականների շրջանում անգլերենի ուսուցմանը: Դպրոցականները նաև ստեղծել են բջջային հավելված, որն աուտիզմով տառապող երեխաներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ հաղորդակցվելու մարդկանց հետ։ Նշենք, որ միջազգային առցանց գնահատման փուլը տեղի կունենա հունիսի 1–ից մինչև հունիսի 17-ը: Հիշեցնենք, որ նախորդ տարի Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիները բջջային հավելված էին ստեղծել՝ որի շնորհիվ կարելի է սովորել ժեստերի լեզու և ազատ շփվել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Հավելվածը կոչվում է «Հայերեն ժեստերի լեզու»։ Աշակերտուհիների հավելվածը ԱՄՆ-ի Սիլիկոնե հովտում անցկացվող Technovation միջազգային մրցույթում եզրափակիչ փուլ էր անցել և նրանք արժանացել էին «Ժողովրդի ընտրություն» մրցանակին։ Աղբյուրը՝ Panorama.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: