Նորություններ

«Թանգարանների գիշերը»՝ մայիսի 18-ին և 19-ին

Ուշագրավ 2018-05-15

Այս տարի «Թանգարանների գիշերը» կանցկացվի մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ օրը Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ: Միջոցառումը Հայաստանում կանցկացվի 15-րդ անգամ, Արցախում՝ 6-րդ անգամ: Միջոցառումների ձևաչափին համապատասխան` մայիսի 18-ին՝ 10:00-ից 18:00-ն, իսկ մայիսի 19-ին՝ 18:00-ից 00:00-ն, Հայաստանի և Արցախի 116 թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար: Մայիսի 19-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև 01:00-ն: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով աշխարհի տարբեր երկրների ավելի քան 30 հազար թանգարաններ: Այս տարի միջոցառմանը միացել է Հայաստանի և Արցախի 116 թանգարան: 2018 թվականին ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»: Միաժամանակ, երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ կլինի նաև Հայաստանի Հանրապետության 100-ամյակին: Կազմակերպվելիք միջոցառումները ևս մեկ անգամ կնպաստեն հայրենի մշակույթի և հայոց պատմության հերոսական էջերի հանրահռչակմանը՝ ամրապնդելով մշակութային արժեքների պահպանության, տարածման, սերունդներին դրանց հաղորդակից դարձնելու և հասարակության տարբեր տարիքային խմբերի ներգրավվածությունը միջոցառումների շուրջ ապահովելու մեր նպատակին: Աղբյուրը՝ Mincult.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: