Նորություններ

«Ա» տառի ծնունդը

Կրթական 2017-11-10

Գավառի Ս. Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոցի IԱ դասարանը տոնական տրամադրության մեջ էր: Աշակերտները մեծ խանդավառությամբ նշում էին «Ա» տառի ծնունդը: Նախապատրաստական աշխատանքների մեջ ներգրավված էին թե′ ծնողները, թե′ աշակերտները: Ուսուցչուհին դասն սկսեց` մտովի տեղափոխվելով 5-րդ դար և պատմեց Մեսրոպ Մաշտոցի կատարած նվիրական գործի մասին: Նա տեղեկացրեց Այբուբենի դասավորության, նրանում եղած գաղտնիքների մասին: Երեխաներն արտասանեցին «Ա» հնչյուն-տառը և նշեցին նրա տեսակը, բացատրեցին, թե ինչո՞ւ է այն ձայնավոր:Խոսեցին նաև բաղաձայն հնչյունների մասին: Երեխաները տարբերակեցին հնչյունն ու տառը, կարողացան կազմել տրված բառի հնչյունային գծապատկերը, ապա` բառակապակցություններ, հետո` նախադասություններ: Նրանք ջանում էին իրենց խոսքը համեմել գեղեցիկ արտահայտություններով: Մեծ աշխուժություն առաջացավ, երբ երեխաները «ա» հնչյունը փորձում էին գտնել պարանից կախված առարկաների անվանումների սկզբնամասում, մեջտեղում կամ վերջում: Երեխաների համար սպասված աշխատանք էր նաև իրենց անվան մեջ «Ա» տառի տեղադրումը, որի նախնական աշխատանքը կատարվել էր ծնողների ջանքերով: Մեծ հետաքրքրությամբ և ուշի-ուշով երեխաները լսեցին մի հեքիաթ «Ա» տառի մասին, որտեղ Արևը նմանվեց «Ա»-ի: Դասն ամփոփվեց «Ա»-ի իմաստավորմամբ: Երեխաներից յուրաքանչյուրը «Ա»-ին բնութագրող բառ կամ արտահայտություն կազմեց: Դասի ավարտին աշակերտները երդում տվեցինՄեսրոպ Մաշտոցի նկարի առաջ, որ կսիրեն և հավերժ կպահեն Մեսրոպյան գիրը: Ա-ի ծնունդը դարձավ երեխաների համար անմոռաց իրադարձություն: Դասվար Մարինե Զախարյան

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: