Նորություններ

ՀՈԳՈՒ ՏՈՆ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ

Կրթական 2017-10-20

Նոր կրթական միջավայրը ենթադրում է նոր ավանդույթներ, նոր կարգերի՝ պատվով կրելու պարտավորություն: Անդամագրումը կրթօջախին պարտադրում է հոգատարություն, երեխայի անձի բազմակողմանի հարստացմանն ուղղված կանոնակարգ: Թիվ 1-ի՝ ավանդույթի վերածված կանոնակարգերից է Նորեկօրհնեքի արարողությունը՝ կրթօջախին անդամագրվելու, հայ դպրության, գեղեցիկ ավանդույթների կրողը դառնալու երդման արարողությունը: Տարիներ ի վեր այն նշվում է Թարգմանչաց տոնին: Բայց մի բան է կանոնակարգը ուսերին դրված բեռ դարձնելը, այլ բան՝ տոնի վերածելու միտումը: Թիվ 1-ի որդեգրած սկզբունքը բխում է հյուրընկալության կանոններից: Հոկտեմբերի 14-ին՝ Թարգմանչաց տոնին, նորեկներս ուսուցիչների հետ ուղևորվեցինք Օշական: Բազմամարդ եկեղեցում մեզ բարի գալուստ մաղթեց և օրհնանքի խոսք ասաց Տեր Զորայրը, իսկ ապա Տառերի պուրակում՝ Մեծ ուսուցչի հովանու ներքո, կատարվեց երդման արարողությունը: Ուսուցչի շիրմաքարի մոտ վերհիշեցինք նրա անցած կյանքի ճանապարհը, արժևորեցինք գործը՝ այժմ էլ մեր հերթին հայ գրչությամբ հայ մշակույթը զարգացնելու խորը գիտակցմամբ: Պատարագից հետո ուղևորվեցինք մայրաքաղաք՝ Կոմիտասի անվան պանթեոն և Եռաբլուր, որ պատահական չէր: Մեր՝ օր օրի հասունացող ինքնագիտակցումն էր մեզ պարտադրում նոր կրթօջախում՝ կյանքի նոր պայմաններում, նորովի հայացքով նայել այն մարդկանց, ովքեր անմահացել են հայ մշակույթի մեջ թողած ավանդով, ովքեր իրենց մատաղ կյանքը չեն խնայել՝ հանուն ներկայով ապագայի կերտման: Եվ եթե Պանթեոնում յուրաքանչյուր մահարձանի մոտ անդրադառնում էինք այս կամ այն երախտավավորի գործին ու արտասանությամբ կամ երգով հիշում նրան, ապա Եռաբլուրում՝ Ապրիլյան պատերազմի զոհ քաջորդիների շիրիմների մոտ մեզնից յուրաքանչյուրը մտովի էր հիշում նրանց գործը: Թանձր լռությունն ուղեկցեց մինչ Հայորդիների պանթեոնի մուտքը, և լռության մեջ բոլորս էինք միմյանց հասկանում: Ապա հերթը մեր հայրենիքի՝ թեկուզ մեկ խորշ ճանաչելունն էր: Աշտարակ. Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր՝ իրարից տարբեր, բայց նույն ավանդազրույցով միավորվող եկեղեցիները, և միջնադարյան հոյակերտ կամուրջը՝ իր ավանդազրույցով: Այնուհետև փոքրիկ մի անկյուն՝ զարմանալիորեն հարուստ հնամենի կառույցներով: Արուճ՝ իր քարավանատնով, եկեղեցիով, պալատի ու բերդի ավերակներով, ժայռից բխող սառնորակ ու զուլալ ջրով: Որտեղից իմանայինք սովորական գյուղակում այսքան հարստություն լինելու մասին, եթե մեզ իր գիրկն առած դպրոցը մտահոգ չլիներ մեզ՝ մեր երկիրը ճանաչել տալու և հայրենագիտական գիտելիքներով զինելու հոգսով: Մի ամբողջ օր՝ մեր նոր ուսուցիչների և մոտ անցյալում անծանոթ երեխաների հետ: Մեկ օրն էլ բավական էր ճանաչելու, շփումներ հաստատելու, ընկերանալու համար՝ առանց հաշվի առնելու տարիքային ու դասարանային տարբերությունը: Ուսուցիչների բարյացակամությունն ու մտերմիկությունը, նոր ընկերների հետ ազատ շփումը, նոր բացահայտումները, ճանապարհի երգն ու խինդը իսկական տոնի վերածեցին օրը՝ երդումը դարձնելով ոչ թե պարտականություն, այլ կամավոր ինքնարտահայտման բանաձև՝ գալիք տարիների համար:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: