Նորություններ

Կրթությունն ու սպորտը մեկ ռիթմով. Արթուր Աբրահամը Dasaran-ում

Ուշագրավ 2017-10-10

IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը #Dasaran կրթական կենտրոն այցելած ուսուցիչներին և Գեղարքունիքի մարզի դպրոցականներին ներկայացրեց հաջողության իր բանաձևը՝ կարևորելով կրթության դերը սպորտի և ցանկացած այլ ոլորտում: Դպրոցականների զարմանքին հաջորդեց ոգևորությունը, հիացմունքն ու հարցերի տեղատարափը: Այո... Dasaran-ի հյուրերի համար նախատեսված անակնկալն իսկապես ստացված էր: Հայազգի մեծանուն բռնցքամարտիկը պատմեց սպորտում անցած իր ճանապարհի մասին՝ նշելով, որ կրթությունն ու գիտելիքը նույնիսկ ռինգում են օգնում հաղթանակ տանել: Նա պատասխանեց երեխաների բոլոր հարցերին՝ խորհուրդ տալով երբեք չհանձնվել և վստահ քայլերով գնալ երազանքի հետևից: Դպրոցականներն էլ իրենց հերթին անակնկալ էին պատրաստել՝ ավանդական-հայկական երգ ու պարով լցնելով Dasaran-յան ջերմ մթնոլորտը: Նույն ոգևորությամբ աշակերտները մասնակցեցին կենտրոնում կազմակերպված արդիական կրթական նոր ձևաչափով անցկացվող ուսումնական գործընթացին, որտեղ աշակերտը հանդես է գալիս ոչ թե լսողի, այլ մասնակցի դերում՝ արդյունավետ կերպով հարստացնելով իր գիտելիքների պաշարը: Միջոցառման ավարտին դպրոցականները կրթական կենտրոնից հեռացան ավանդական Dasaran-յան նվերներով, նոր գիտելիքներով և անմոռանալի տպավորություններով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: