Նորություններ

Համաշխարհային բանկ + Dasaran + ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն = նոր նախագծի մեկնարկ

Ուշագրավ 2017-05-25

Dasaran կրթական կենտրոնում այսօր առանձնահատուկ օր էր: Համաշխարհային բանկի, Dasaran-ի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կողմից համատեղ իրականացվող աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում պատիվ ունեցանք հյուրընկալելու այնպիսի բարձրաստիճան հյուրերի, ինչպիսիք են Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ռազմավարության և գործառնությունների գծով տնօրեն Մարիամ Շերմանը, Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը, ՀԲ Երևանի գրասենյակի գործառնությունների գծով ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը և ծրագրային վերլուծաբան Նորա Միրզոյանը:
Այցի առթիվ Dasaran-ում կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում մեր հյուրերը ծանոթացան կրթական կենտրոնին, ծրագրի գործունեության ներկայիս ընթացքին ու զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ներկա գտնվեցին կրթական կենտրոնում աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում անցկացվող «Տուժածների շտապ դուրսբերումը և տեղափոխումը արտակարգ իրավիճակների ժամանակ» թեմայով հատուկ դասընթացին, որը վարում էր «Սպարտա» գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Անվտանգության, ապահովության և գոյատևման» դասընթացի վարող, «Աղետների ռիսկերի նվազեցման» փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանը:
 
Այնուհետև մեր հյուրերին առավել մանրամասն ներկայացվեց Dasaran-ի կողմից մշակված կրթական հարթակը, վերջինիս ընձեռած բազմաճյուղ հնարավորությունները, ինչպես նաև՝ կրթության և  հեռահաղորդակցման ոլորտում գրանցած ձեռքբերումները: 
 
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվեցին Համաշխարհային բանկի, Dasaran-ի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փոխգործակցության արդյունքում իրականացվող նախագծի մեկնարկային քայլերը և փուլային հաջորդականությունը:
 
 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: