Նորություններ

Եռակողմ հուշագիր հանուն հայ աշակերտների գիտակից ապագայի

Ուշագրավ 2016-10-27

Ս.թ. հոկտեմբերի 27-ին «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի, «Dasaran» կրթական ծրագրի և «ԱրմԱս» ընկերության միջև համագործակցության հուշագրի կնքման հանդիսավոր արարողությունը:

Համագործակցության հուշագրի գլխավոր նպատակը համատեղ ուժերով հայ աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը նպաստելն է, խաղողագործության և ընդհանուր գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքների տարածումը խթանելն ի շահ դպրոցականների իրազեկվածության և կայուն ապագայի:

Հուշագրի շրջանակում «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամն անվճար հիմունքներով կստեղծի և կտրամադրի գյուղատնտեսության ոլորտի, խաղողի մշակման և արդյունաբերության մասին համապատասխան բովանդակություն, որը Dasaran-ն իր հարթակի միջոցով հավասարապես հասանելի կդարձնի հայ աշակերտներին՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից ու բնակության վայրից՝ այդպիսով իսկ կամրջելով գիտելիքն ու աշակերտին:      

Ստացած կրթական տեղեկատվությունը գործնականում կիրառելու և հմտության վերածելու հարցում էլ իր աջակցությունը կցուցաբերի «ԱրմԱս» ընկերությունը:  

Այսպիսով, միավորելով ուժերը, Dasaran-ը, «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամն ու «ԱրմԱս» ընկերությունը եզակի հնարավորություն կընձեռեն հայ աշակերտներին՝ ոչ միայն հավասարապես կրթվելու և բարելավելու իրենց իմացությունը, այլև գործնականում ծանոթանալու գյուղատնտեսության հմտություններին և գաղտնիքներին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: