Նորություններ

Հայտարարություն`   ի պատասխան այսօր մամուլում տարածված նյութի

Ուշագրավ 2020-04-10

Այսօր ԶԼՄ-ներից անսպասելիորեն տեղեկացել ենք, որ ինչ-որ քրեական գործ է հարուցվել` կապված Dasaran-ի գործունեության հետ։ Զարմանալի է և, իհարկե, ցավալի է, որ այն ծրագիրը, որը այս օրերին ապահովում է կրթական գործընթացի շարունակականությունը Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսուցչիների համար, և հեռավար ուսուցման կազմակերպման գործում իր արագ արձագանքի և իր մշակած գործիքակազմի միջոցով ընդգրկվել է աշխարհի 100 առաջատար տեխնոլոգիական լուծումների շարքում, այժմ ստիպված է պայքարել իր բարի համբավի պահպանման համար։ Dasaran-ը սեփական գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ և սեփական ջանքերով մոբիլիզացված ռեսուրսների միջոցով առանց մեկ լումա պետական ֆինանսավորման հիմնադրված կրթական համակարգ է, որի արդյունքում ստեղծվել է հանրային բարիք։ Այն նպատակ է հետապնդում տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստել կրթական ոլորտի բարեփոխմանը և թափանցիկության ապահովմանը, թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կրթության կառավարման արդյունավետության բարձրացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը: Dasaran-ն ունի համապետական ծածկույթ և միավորում է Հայաստանի և Արցախի 1,488 պետական հանրակրթական դպրոց՝ մեկ հարթակում 1,214,409 գրանցված բաժանորդի (աշակերտ, շրջանավարտ, ծնող, ուսուցիչ և տնօրեն) հնարավորություն տալով օգտվել մշակված գործիքներից։ Իր գործունեության ընթացքում Dasaran-ը ստեղծել է դպրոցների առցանց կառավարման համակարգ, աշակերտների առաջադիմության վերահսկման արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ, ինչպես նաև մշակել լայն հնարավորություններ ընձեռող էլեկտրոնային գործիքներ, այդ թվում՝ կրթության խաղայնացման հնարավորություններ։ Կրթական ծրագիրը բարձր գնահատանքի է արժանացել նաև միջազգային հարթակներում, ինչի մասին է փաստում այն, որ 2016 թվականին Dasaran-ը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) կողմից ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական կրթական ծրագրերից մեկը: Իր գործունեության ողջ ընթացքում` ավելի քան 10 տարի շարունակ, Dasaran-ը անվճար հիմունքներով ծառայություններ է մատուցել թե' աշակերտներին, թե' ուսուցիչներին և ծնողներին և թե' Կառավարությանը: Պետական աջակցությունը, որը ստացվել է միմիայն 2 տարվա ընթացքում՝ 2017թ. և 2018թ.-ին, ամբողջապես օգտագործվել է` ի նպաստ վերոնշյալ գաղափարների շարունակական իրականացման: Պատրաստակամ ենք լիովին համագործակցելու վարույթ իրականացնող մարմնի հետ՝ հորդորելով ահապաղ Dasaran-ի ստեղծողներին ու գործունեությունը համակարգողներին հրավիրել հարցաքննության։ Դեռևս հուսով ենք, որ այս քրեական գործը պայմանավորված չէ անձնական նկրտումներով ու շահագրգրռվածություններով, և անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունն ու Dasaran-ի բարի համբավն ու հեղինակությունը արատավորելու փորձերը, մեղմ ասած, կձախողեն: ՀԳ Dasaran-ը նույն տեմպով շարունակում է աշխատել… Առողջ եղեք

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: