Նորություններ

Շնորհավոր տոնդ, հայոց բանակ

Կրթական 2020-01-24

Անկախության ուղին բռնած մեր երկրի համար անչափ կարևոր է հզոր, մարտունակ բանակ ունենալը, բանակի զորացմանն ու զինվորին աջակցելը, մատաղ սերնդի հոգիներում հայրենասիրություն ու մարտունակություն սերմանելը: Ինչպես ասում են, բանակն ու դպրոցը, բանակն ու հասարակությունը միասին են, նրանք անպարտելի են: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին՝ <<Շնորհավոր տոնդ, հայոց բանակ>> խորագրով: Օրը տոնական է: Փողփողում է Հայոց եռագույնը, հնչում օրհներգը: Ներս են մտնում զինվորական համազգեստ հագած աշակերտները, նրանք քայլում են խրոխտ ու հաստատուն՝ «Ես քո վաղվա զինվորն եմ» անբեկանելի խոսքը շուրթերին: Սիրտդ լցվում է հպարտությամբ, երբ լսում ես Հայոց բանակին, հայ զինվորին նվիրված գեղեցիկ ասմունքն ու հայրենասիրական երգերը, դիտում հպարտ ու առնական պարերը: Կայացել է Հայոց բանակը, վստահ ու աներեր քայլերով գնում առաջ՝ կերտելով նորանոր հաղթանակներ : Յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում հերոսության ու արիության կենդանի դասեր են մատաղ սերնդի հայրենասիրական ոգին բարձր պահելու և զինվորի հերոսական կերպարը ներկայացնելու համար: Զինվորների կյանքից հետաքրքիր դրվագներ ներկայացրին 8-րդբ, 9-րդա,բ, 10-րդա և 11-րդա, դասարանները (սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ.Կարապետյան, դասղեկներ՝ Զ.Գևորգյան, Ք.Շհոյան, Ջ.Դանիելյան, Հ. Կարապետյան), կատարեցին Հայոց բանակին, հայրենիքին նվիրված <<Զինվորիկն ես>>, <<Հայոց բանակ>>, <<Դեհ, տղերք…>> հայրենասիրական երգերը, 12-րդ դասարանի աշակերտները ցուցադրեցին իրենց կարողությունները ավտոմոտ քանդել-հավաքելու գործում, 8-րդբ դասարանի աղջիկները միջոցառումը զարդարեցին ,,Յարխուշտա,, գեղեցիկ պարով: Հանդիսավարներ Մանեն և Արսենը հետաքրքիր մատուցեցին Հայոց բանակի ստեղծման փառավոր ուղին՝ էջ առ էջ պատմելով նրա փառապանծ հաղթանակների ու հերոսների մասին: Շնորհավորանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը, զինղեկ Գ. Մանուկյանը, Ներկաները մեծ բավականությամբ հեռացան. այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուրս պարտավոր է սեր ու հարգանք տածել Հայոց բանակի, հայ զինվորի հանդեպ, մատաղ սերնդի մեջ սերմանել մարդկային բարձր հատկանիշներ, հայրենասիրություն ոգեշնչել ու ուղղորդել դեպի նոր առաջընթաց … Մ եր դպրոցի լեցուն առօրյան հագեցավ ևս մեկ հիշարժան օրով, որից հետո ստեղծագործ ու ներդաշնակ աշխատանքն է… Ա.Մուրադյան Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: