Նորություններ

Պատիվ է լինել մեսրոպյան սաներ

Կրթական 2019-05-16

Իմ սիրելի այբբենարան, Ամենաթանկ իմ գանձարան, Այսօր տոն է, ուրախ հանդես, Հրաժեշտ ենք տալիս մենք քեզ։ 2019թ մայիսի 14-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Նաիրա Գուլանյանը և Iբ դասարանը կազմակերպել էին մի գեղեցիկ միջոցառում 《Պատիվ է լինել մեսրոպյան սաներ》խորագրով։ Գեղեցիկ ձևավորված դահլիճում առաջին դասարանցիները ցույց տվեցին, որ իրենք արդեն հաղթահարել են դեպի գիտության տանող առաջին քայլերը. նրանք արդեն տառաճանաչ ու գրաճանաչ են։ Ներկա գտնվող ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները մտովի տեղափոխվեցին 5-րդ դար, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց տառերը, որոնք հետագայում դարձան հայ ժողովրդի լինելության և պահպանման զինվորները։ Մեր փոքրիկ Մեսրոպ Մաշտոցը տառերը բերեց և հանձնեց մեր թոթովախոս մանուկներին՝ հորդորելով, որ սիրեն և պահպանեն հայոց այբուբենը և մեր ոսկեղենիկ մայրենին։ Միջոցառման ընթացքում մանուկների շուրթերից հնչեցին մեսրոպատառ լեզվին նվիրված բանաստեղծություններ։ Հանդես եկան ասմունքով, դերային խաղով, և պարի միջոցով մի փոքրիկ բեմականացում ցուցադրեցին։ Նրանց կատարած երգերը հայրենիքի, մայրիկների և հայոց այբուբենի մասին էին։ Դասվար Ն. Գուլանյանը ջանք չէր խնայել գեղեցիկ և բովանդակալից միջոցառման համար։ Միջոցառման վերջում դասվար Ն. Գուլանյանը շնորհավորեց առաջին դասարանցիներին՝ ասելով, որ նրանցից յուրաքանչյուրը արդեն սերտել է հայոց այբուբենը և տառաճանաչ ու գրաճանաչ է։ Պարտավոր են աչքի լույսի պես պահել ու պահպանել մեսրոպյան տառերը։ Նրանց նվիրեց հետաքրքիր հեքիաթի գրքեր, շնորհակալություն հայտնեց տնօրենությանը, ուսուցիչներին և ծնողներին։ Դահլիճից բոլոր ներկաները հեռացան մեծ տպավորություններով։ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ԱՌԱՋԻՆ ԴՍՍԱՐԱՆՑԻ...

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: