Նորություններ

Հայ դպրոցականը՝ «Կլիմայական արկղիկ» մրցույթի հաղթող

Ուշագրավ 2019-05-03

Ղազախստանի Ալմաթի քաղաքում «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացման կլիմայական արկղիկ» ծրագրի շրջանակներում կայացել է միջազգային մրցույթ, որին մասնակցում էին ծրագրում ընդգրկված 9 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և նպատակ ունի կլիմայի փոփոխության ազդեցությունների վերաբերյալ կրթել և իրազեկել միջին տարիքի դպրոցականներին՝ թարգմանելով և տեղայնացնելով կլիմայի փոփոխության նորարարական և ինտերակտիվ ուսումնական գործիքը՝ կլիմայական արկղիկը։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են ազգային ժյուրիի կողմից ընտրված 3 հաղթող նախագիծ։ Նախագծերը ներկայացվել են 2 անվանակարգերում՝ «Կլիմայական փոփոխություն և ջրային ռեսուրսներ» և «Նվազեցնելով ածխածնի հետքը» թեմաներով։ Նախագծերը ներկայացրել են Երևանի թիվ 198 ավագ դպրոցի աշակերտուհի Դոնարա Ֆարսյանը և ուսուցիչ Խաչիկ Թորոսյանը, Արարատի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Ալեքսան Խաչիկյանը և ուսուցչուհի Ինեսա Սահակյանը և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի սան Դավիթ Նավասարդյանը և ուսուցչուհի Ռուզաննա Սիմոնյանը: ՀՀ աշակերտները հաջողությամբ ներկայացրել են իրենց նախագծերը, իսկ Արարատի մարզի Ջրաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Ալեքսան Խաչիկյանը «Նվազեցնելով ածխածնի հետքը» անվանակարգում գրավել է առաջին տեղը: «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացման կլիմայական արկղիկ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից 2017թ․-ի սեպտեմբերից ի վեր։ Այն տարածաշրջանային նախաձեռնության մաս է և ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնություն-ՄԱԶԾ Խնամառու հիմնադրամի ու համաֆինանսավորվում ՄԱԶԾ-ի կողմից։ Աղբյուրը՝ Edu.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: