Նորություններ

ՄԱՅՐԵՆԻՍ, ՄԱՅՐՍ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔՍ

Կրթական 2019-04-29

Ապրիլի 26-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ 《Մայրենիս, մայրս ու հայրենիքս》խորագրով՝ VI դասարանի դասղեկ Կարինե Հայրապետյանի նախաձեռնությամբ։ Դահլիճում տիրում էր տոնական տրամադրություն։ Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական երգերով, հայոց մայրերին նվիրված սրտառուչ բանաստեղծություններով և խոսքերով, գեղեցիկ պարային համարներով։ Աշակերտները նշեցին, որ ամեն մի հայ երեխա պետք է սիրի իր մայրենին, խոսի իր մայրենի լեզվով, գրի ու կարդա հայերեն, իր սրբազան պարտքը կատարի մեր մեծ ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի առջև։ Հիշատակեցին Խաչատուր Աբովյանի պատգամը. 《Ձե՛զ եմ ասում՝ ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդներ, 10 լեզու իմացեք, բայց ձեր լեզուն, ձեր հավատքը կանգուն բռնեցե՛ք》։ Գովերգեցին հայոց մայրերին. հնչեցին մայրական թեմայով հրաշալի բանաստեղծություններ։ Մեր սաները խոսեցին նաև այն մասին, որ մեր մայրերը սրբության սրբոց են, մեծ է հայ կնոջ, հայ մոր դերը երեխաների հայեցի դաստիարակության գործում։ Միջոցառման պատվավոր հյուրն էր սփյուռքահայ Հարությունյանների ընտանիքը։ Միջոցառումը իր հուզիչ կատարումով եզրափակեց Անտոնի Հարությունյանը՝ արժանանալով հանդիսատեսի բարձր գնահատականին, որն ուղեկցվեց երկարատև ու չդադարող ծափերով։ Դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը անչափ գոհ էր միջոցառումից և շնորհակալություն հայտնեց դասղեկ Կ. Հայրապետյանին՝ իր ջանադիր աշխատանքի համար։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: