Նորություններ

Վարչապետը եզրափակչից առաջ հաջողություն է մաղթել «Հայկական արծիվներ» շախմատային թիմի անդամներին

Սպորտ 2019-04-27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Pro Chess League շախմատի ակումբային մրցաշարի 2019թ.-ի եզրափակիչ փուլ անցած «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) թիմի անդամներին: Սան Ֆրանցիսկոյում մայիսի 4-ին և 5-ին անցկացվելու է եզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող թիմի ավագ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը վարչապետ Փաշինյանին է ներկայացրել «Հայկական արծիվներ» թիմի անդամներին՝ Զավեն Անդրիասյանին, Հայկ Մարտիրոսյանին, Գոռ Վարդանյանին, Շանթ Սարգսյանին ու Աննա Սարգսյանին, նրանց մարզական ճանապարհն ու հաջողությունները: Նա նշել է, որ թիմն այս հեղինակավոր մրցաշարի 2018թ.-ի գործող չեմպիոնն է, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է, և 2019թ.-ի եզրափակիչ փուլ անցած թիմն այս տարի ևս մտադիր է հաղթել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգևորիչ է համարել «Հայկական արծիվներ»-ի շախմատային ձեռքբերումները, մաղթել նրանց հաղթանակ առաջիկա եզրափակչում և հետագա հաջողություններ: Վարչապետը «Հայկական արծիվներ» թիմի անդամների հետ մտքեր է փոխանակել նաև Հայաստանում շախմատի տարածման, Հայաստանի՝ որպես շախմատային պետություն դիրքավորման և այս համատեքստում երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, հայկական Chessify բջջային հավելվածի գործածության և օգտակարության, դպրոցներում շախմատի դասավանդման և այլ հարցերի շուրջ: Թիմի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին մրցաշարի եզրափակչից առաջ իրենց ընդունելու և քաջալերելու համար: Աղբյուրը՝ Mamul.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: