Նորություններ

Կայացավ E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը

Ուշագրավ 2019-04-22

Ապրիլի 19-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran կրթական ծրագրի համագործակցության արդյունքում։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ նախագիծը նոր կրթական համակարգ ու նոր արժեք կստեղծի դպրոցում: Այնուհետև Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ներկայացրեց E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ մշակութային հաստատությունների մասին տեղեկատվությանը, ընտրել ներկայացման կամ միջոցառման օրը, ինչպես նաև հրավիրել ընկերների և համատեղ այց կազմակերպել: Համակարգը նպատակաուղղված է զարկ տալու աշակերտների շրջանում մշակութային արժեքների ձևավորմանը և ուղղորդելու նրանց նոր ձևաչափով բացահայտելու մշակույթի հետաքրքիր ու բազմազան աշխարհը: Ըստ որում, E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների, ինչպես նաև ուսուցիչների համար: Այն հնարավորություն է տալիս նրանց ուսումնական տարվա ընթացքում անվճար հիմունքներով այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն և համերգասրահ: Շնորհանդեսից հետո դպրոցականները դիտեցին Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը:

E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգը կարելի է գտնել՝ անցնելով հետևյալ հղումով https://www.dasaran.am/ecult/ticket

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: