«Հոգևոր անկյուն»
Եկեղեցական տոներ
Մարիամ Աստվածածնին նվիրված տոներ

Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցական տոներ, որոնցից մեկը՝ Վերափոխումն ս. Աստվածածնի, Հայ եկեղեցու Տաղավար տոներից է: Մյուս տոներն են.Հղություն ս. Աստվածածնի (Յղութիւն ս. Աստուածածնի յԱննայէ), Ծնունդ ս. Աստվածածնի, Ընծայումն ս. Աստվածածնի (Երից ամաց Ընծայումն ի տաճարն), Ավետում, Գյուտ տուփի ս. Աստվածածնի, Գյուտ գոտու ս. Աստվածածնի:

 Հղություն ս . Աստվածածնի, Աստվածածնի մոր՝ Աննայի հղության հիշատակության տոնն է. բոլոր Արևելյան եկեղեցիները նշում են դեկտ. 9-ին, իսկ Կաթոլիկ եկեղեցին՝ դեկտ. 8-ին: 1854-ին Կաթոլիկ եկեղեցին ընդունել է Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը, ըստ որի՝ Աստվածամոր ծնունդը, ինչպես Հիսուսինը, զերծ է եղել սկզբնական մեղքից: Մյուս եկեղեցիները մերժել են հավատի այդ նոր վարդապետությունը:

 Ծնունդ ս. Աստվածածնի, անշարժ տոն է: Հայ եկեղեցին նշում էXIII դարից սկսած, սեպտ. 8-ին:

 Ընծայումն ս .Աստվածածնի, երեքամյա Մարիամին, իբրև ուխտի զավակի, իր Հովակիմ և Աննա ծնողների կողմից Տաճարին ընծայելու հիշատակության տոնն է: Սկզբնապես Հայ եկեղեցին չի ունեցել Ընծայման կամբ Նվիրման տոն, բայց սկսած XVI–XVII դարերից, հետևելով Հույն և Լատին եկեղեցիների սովորությանը, մտցրել է Տոնացույց և նշում է անփոփոխ՝ նոյեմբ. 21-ին:

 Ավետում, Ավետման տոն, Գաբրիել հրեշտ ակապետի՝ Մարիամ Աստվածածնին Ավետիս բերելու հիշատակի օրն է: Հրեշտակապետը լուր բերեց Տիրամորը, թե Աստծո Որդին իրենից պետք է մարմնանա Սուրբ Հոգու զորությամբ և անարատ հղությամբ: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կըհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1.30–31): Այդ օրը նաև Քրիստոսի Մարդեղության տոնն է: Ավետման տոնը Հայ եկեղեցին նշում է անփոփոխ՝ ապրիլի 7-ին: Եթե այդ տոնը նույնիսկ Մեծ պահքին զուգադիպի, եկեղեցու սուգի և ապաշխարության ձևերն ընդհատվում են (նախկինում Ավետման տոնը, եթե Մեծ պահքին էր համընկնում, հետաձգվում էր ս. Զատկի չորրորդ օրվան): Հույն և Կաթոլիկ եկեղեցիները, Ս. Ծնունդը դեկտ. 25-ին նշելով, Ավետումը մարտի 25-ին են կատարում:

 Գյուտ տուփի ս. Աստվածածնի, Տիրամոր հիշատակության տոների շարքում ուշ շրջանում ավելացել են նրան պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներ: Դրանցից մեկն է ս. Կույսի տուփի գյուտի տոնը: Ըստ ավանդության, երկու հույն իշխանազուն եղբայրներ, Երուսաղեմ ուխտի գնալով, լսում են, որ Գալիլիա անունով գյուղում մի հրեա կնոջ տանը հրաշքներ են կատարվում: Հետաքրքրվելով, մտնում են տուն և տեսնում մի տուփ, որը պատկանել է Աստվածամորը: Հասնելով Երուսաղեմ՝ պատրաստել են տալիս ճիշտ նույն տուփի մի ուրիշ օրինակ և վերադարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, աննկատ փոխում են տուփերը և իսկականը տանում Կ. Պոլիս: Բյուզանդական Լևոն կայսրի օրոք (457–474) մեծ թափորով ու պատվով այն զետեղում են Կ. Պոլսի Ս. Աստվածածին եկեղեցում: Հույները հուլիսի 2-ին հատուկ տոն են հաստատում ի հիշատակ տուփի գյուտի: Հայ եկեղեցին այս տոնը նշում է XVIII դարից, երբ այն ընդգրկվել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի 1774-ին հրատարակած և բարեփոխած Տոնացույցի մեջ: Տոնակատարվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը, հունիսի 14-ից հուլիսի 18-ը:

 Գյուտ գոտու ս . Աստվածածնի, Տիրամորը պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներից: V դ. սկզբին, բյուզանդական Արկադիոս կայսրի օրոք (395–409) Երուսաղեմում գտնվել է Աստվածամոր գոտին, որը հանդիսավորությամբ տարվել է Կ. Պոլիս, պահվել Ս. Աստվածածին եկեղեցում ու պաշտամունքի առարկա դարձել: Դրանից հետո հույները օգոստ. 31-ին սկսել են ս. Աստվածածնի գոտու հայտնության տոնը կատարել: Հայ եկեղեցին մինչև XVIII դ. այս տոնը չի նշել: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը 1774-ին հրատարակած Տոնացույցում ընդգրկել է այդ տոնը, որը յոթ օրվա շարժականությամբ նշվում է օգոստ. 26-ից սեպտ. 1-ը հանդիպող կիրակի օրը: