«Հոգևոր անկյուն»
Նորություններ
Համագործակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի և «Dasaran» կրթական ծրագրի միջև

Ս.թ. մարտի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հին ճեմարանի դահլիճում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի՝ ի դեմս տնօրեն Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի և «Dasaran» կրթական ծրագրի՝ ի դեմս հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

Կողմերի միջև կնքված հուշագիրը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում քրիստոնեական դաստիարակության առավել ակտիվ իրականացմանը, աշակերտներին Հայ Առաքելական Եկեղեցուն հաղորդ դարձնելուն, քրիստոնեական արժեքները սերմանելուն, ամուր և բարոյապես հարստացած ապագա քաղաքացիներ դաստիարակելուն:

Ըստ ստորագրված հուշագրի՝ «Dasaran» կրթական ծրագրի կայքում արդեն ստեղծվել է «Հոգևոր անկյուն» պաշտոնական էջը, որի շնորհիվ աշակերտները կհամալրեն իրենց գիտելիքները հոգևոր-ճանաչողական տեղեկատվությամբ, կծանոթանան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներին, խորհուրդներին և հատուկ արարողություններին: Էջի առավել ակտիվ մասնակից աշակերտներին հնարավորություն կընձեռվի այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարան ու գանձարան և մասնակցել ինտերակտիվ-ճանաչողական այցի:

«Dasaran» կրթական ծրագրի տվյալներով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից տարեկան կտրվածքով լավագույն ցուցանիշներ գրանցած աշակերտներին հնարավորություն կընձեռվի դառնալու մասնակիցը «Մեկ օր Մայր Աթոռում» խորագրով ինտերակտիվ շրջայցի: