«Հոգևոր անկյուն»
Հոգևոր խրատներ և առակներ
Անհավատը - /առակ/

Մի աթեիստ, ընկնելով ժայռից, բռնվում է մի ծառի ճյուղից և որոշ ժամանակ մնում այդպես անդունդի վրա կախված: Ու հանկարծ նա ակամա ճչում է.
-Տեր, Աստված:
Լռություն, ոչ մի պատասխան:
-Տեր Աստված,- նորից գոռաց նա,- եթե երկնքում ես, փրկիր ինձ. խոստանում եմ, որ ես կհավատամ Քեզ, կփորձեմ այսուհետ առաքինի ապրել և ուրիշներին էլ դարձի բերել:
Նորից լռություն: Երբ նա զգաց, որ ճյուղը ուր որ է կպոկվի, վերևից մի ահարկու ձայն լսեց.
-Բոլորն էլ այդպես են ասում, երբ ընկնում են նեղության մեջ:
-Ո՛չ, Տե՛ր,- սկսեց խոսել աթեիստը,- ես բոլորի նման չեմ: Ես արդեն սկսեցի
հավտալ քեզ, ես նույնիսկ լսում եմ քո ձայնը:Միայն թե փրկիր 
ինձ, և ես կփորձեմ քեզ ծառայել մինչև օրերիս վախճանը:
-Շատ լավ,- ասաց ձայնը,- ես քեզ կփրկեմ, իսկ հիմա բաց թող ճյուղը:
- Բաց թողնե՞մ,- ճչաց վախից սարսափած մարդը,- մտածում ես, թե ես
խելքս թռցրե՞լ եմ: