«Հոգևոր անկյուն»
Հոգևոր խրատներ և առակներ
Անզոր աղվեսը - /առակ/

Մի օր բարեպաշտ մի մարդ անտառում տեսավ մի աղվես, որը ոտքեր չուներ:
Մարդը ցանկացավ իմանալ, թե ինչպես էր աղվեսը այդքան ժամանակ կենդանի մնացել: Եվ սպասելով որոշ ժամանակ` նա տեսավ մի վագր, որը ատամներով բռնել էր որսը: Մի քիչ ուտելուց հետո, վագրը մնացածը տվեց աղվեսին: Հաջորդ օրը նույն տեղը գալով` մարդը տեսավ նույնը: 
Վերադառնալով անտառից` մարդը խորհում էր Աստծու ողորմածության մասին: Եվ հանկարծ նա ինքնիրեն մտածեց. «Ես նույնպես կպառկեմ մի անկյունում և հույսս կդնեմ Աստծու գթության վրա»:
Մի ամբողջ ամիս մարդը պառկեց և գրեթե մահամերձ էր, երբ հանկարծ լսեց մի ձայն, որն ասում էր. «Ո՛վ դու, զարտուղի ճանապարհով քայլող, բացի՛ր աչքերդ և հասկացի՛ր ճշմարտությունը: Օրինակ վերցրու ոչ թէ աղվեսից, այլ վագրից»: