«Հոգևոր անկյուն»
Եկեղեցական տոներ
Ծաղկազարդ

Մարտի 29-ին՝ Կիրակի օրը նշվում է Ծաղկազարդի տոնը: Պատարագի վերջում բոլոր եկեղեցիներում կատարվելու  է մանուկների օրհնության կարգ:

Զատկից մեկ շաբաթ առաջ Հիսուսն իր աշակերտների հետ մոտեցավ Երուսաղեմին: Երուսաղեմը այն քաղաքն էր, որտեղ պետք է տեղի ունենար ամենամեծ և ամենակարևոր իրադարձությունը:

Ձիթենյաց լեռան մոտ Հիսուսը կանչեց աշակերտներից երկուսին և ուղարկեց Բեթփագե գյուղը: «Գնացե°ք ձեր դիմաց գտնվող գյուղը» - ասաց Նա - «այնտեղ կապվածմի ավանակ կտեսնեք, որի վրա ոչ մի մարդ դեռևս չի նստել, արձակեցե՛ք և բերե՛ք»:

Ինչպես Հիսուսն ասաց աշակերտներին, նրանք այդպես էլ արեցին: Բերեցին ավանակը, վրան զգեստներ փռեցին, և Հիսուսը, վրան նստած, մտավ Երուսաղեմ: Նրան ցնծությամբ դիմավորեց ժողովուրդը. մարդիկ իրենց զգեստներն ու արմավենու ճյուղեր էին փռում Հիսուսի ոտքերի տակ և գոչում. «Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյալ է Նա, ով գալիս է Տիրոջ անունով: Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում»:

Շատերն էլ տարակուսած հարցնում էին նրա մասին. «Ո՞վ է սա»: Իսկ նրան փառաբանողները պատասխանում էին. «Նա Հիսուս մարգարեն է՝ Գալիլեայի Նազարեթ քաղաքից»: Շատերն էլ վկայեցին, որ նա Ղազարոսին վերակենդանացրել է և զարմանալի հրաշքներ գործել: Այդ ժամանակ փարիսեցիներն իրար մեջ ասացին.

«Տեսնո՞ւմ եք, որ ոչինչ անել չենք կարողանում, ողջ ժողովուրդը նրա հետևից է գնում»: Եվ, դառնալով Հիսուսին, ասացին. «Սաստի՛ր քո աշակերտներին, որ դադարեն փառաբանել քեզ»: Իսկ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ասում եմ ձեզ, որ եթե նրանք լռեն էլ, քարերը պիտի աղաղակեն»:

Ծաղկազարդի տոնին սուրբ Պատարագ է մատուցվում, և մանուկները, գնալով եկեղեցի, հատուկ օրհնություն են ստանում հոգևորականներից: Այդ օրը մարդիկ ուռենու բողբոջած ոստերն օրհնել են տալիս հոգևորականներին և տանում իրենց տուն: Ուռենու ճյուղերը խորհրդանշում են այն արմավենու ճյուղերը, որոնք հրեաները փռում էին Հիսուսի ոտքերի տակ, երբ նա մտնում էր Երուսաղեմ: Ծաղկազարդի օրը եկեղեցիներն ու նրանց շրջակայքը գարնանային զանազան ծաղիկներով են զարդարվում, քանի որ ամենուր կարելի է տեսնել ծաղկավաճառների, որոնցից գարնանային ծաղիկների փնջեր գնելով՝ մարդիկ դրանք միմյանց են նվիրում: