Ծանուցում
Նորություններ `
« Նորություններ

Ֆրանսիան ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիան ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը


2012-01-27

2011 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով այն հերքողների համար սահմանվում է մինչև 1 տարի ազատազրկում և 45.000 եվրո տուգանք:
Ս.թ.-ի հունվարի 24-ին Ֆրանսիայի Սենատը ութ ժամյա քննարկումներից հետո ընդունեց վերոնշյալ օրինագիծը` 127 կողմ և 86 դեմ ձայներով:

15 օրյա ժամկետում Ֆրանսիայի նախագահը օրինագիծը կարող է հաստատել, կամ ուղարկել վերանայման:

Թուրքիան բազմաթիվ սպառնալիքներ էր հղել Ֆրանսիայի ղեկավար մարմիններին մինչև օրինագծի ընդունումը, իսկ նրանց գլխավոր թիրախը եղել է օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, ում սպառնացել էին սպանել: Բուայեի ներկայացմամբ էր, որ հարցը Ֆրանսիայի Ազգային Ժողովում դրվեց քվեարկության և գրեթե բոլոր պատգամավորները կողմ էին և պաշտպանել էին օրինագիծը:

Օրինագծի ընդունման վերաբերյալ Թուրքիայում առաջինը կարծիք է հայտնել Արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը, ով այդ պահին ուղիղ եթերում հեռարձակվող մի հաղորդման հյուր է եղել: Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը մեծագույն անարդարություն է և վկայում է Թուրքիայի նկատմամբ հարգանքի բացարձակ բացակայության մասին:

Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրը  գրել է , որ Ֆրանսիան սև էջ բացեց իր պատմությունում:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը մտադիր է երեքշաբթի խորհրդարանում ունենալիք ելույթում ներկայացնել թուրքական կողմի պատասխան քայլերը:

Մինչ այդ հայերը տոնում են ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը Սենատի առջև, իսկ թուրքական մամուլը հունվարի 24-ի տպագրության իր բոլոր գլխավոր էջերի համար ընտրել է օրինագծի ընդունմանը վերաբերող թեմաներ` «Պատմությունը գլխատվեց», «Ժողովրդավարությունը կոտորվեց», «Սենատը «պատմություն» գրեց», «Եվրոպան ժխտեց ինքն իրեն» և այլ վերնագրերով: