Առողջապահություն

Գլխացավի առաջացման պատճառները և տեսակները

Երևի ֆանտաստիկ կհնչի, բայց մեր մոլորակի բնակչության մոտ 80%-ը տառապում է այս կամ այն սրության գլխացավերից: Գլխացավերի պատճառները տարբեր են և բազմազան: Կախված ցավի տեղակայումից և բնույթից`   կարելի է այն ճիշտ ախտորոշել և բուժել: Պետք է զգոն լինել, եթե ցավերը կրում են հաճախակի և կանոնավոր բնույթ, ապա հարկ է դիմել մասնագետի:
Բանն այն է, որ մեկանգամյա գլխացավը կարող է պայմանավորված լինել մի շարք արտաքին գործոններով, ինչպիսիք են փակ տարածքում գտնվելը, քաղցը, սթրեսը, էմոցիոնալ և ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, գերսառեցումը, պատահական թունավորումը, մի շարք դեղերի գերդոզավորումը և այլն, իսկ երբեմն գլխացավը կարող է լինել լուրջ հիվանդության ահազանգ:
 
Գլխացավերի հիմնական տեսակները
 
Լարվածության գլխացավ, նաև կոչվում է «պատասխանատու մարդկանց հիվանդություն»: Սրանով տառապում են հիմնականում սթրեսների հակված մարդիկ, նրանք, ովքեր երկար նույն դիրքում աշխատում են և այդ դիրքն այնքան էլ հարմար չի լինում: Լարվածության գլխացավը հստակ տեղակայում չունի. աստիճանաբար ուժեղանալով՝ այն տարածվում է ամբողջ գլխով մեկ: Հաճախ կարճատև հանգիստը մեղմում է ցավը կամ ամբողջությամբ անցկացնում է այն:
 
Կլաստերային ցավերը դժվար չեն ախտորոշվում: Դրանք բնութագրվում են աչքի շրջանում ծակծկող ցավերով: Այն տևում է 30-45 րոպե: Հիմնականում ցավի առաջացումը պայմանավորում են գլխուղեղի արյունամատակարարման վատթարացմամբ, երբեմն նաև զարկերակային ճնշման բարձրացմամբ: Դրանք հազվադեպ հանդիպող ցավեր են, ավելի շատ հանդիպում են տղամարդկանց մոտ:
 
Հաճախ գլխացավերի առաջացման նախադրյալ է բորբոքային պրոցեսը՝ տարածվելով բորբոքային օջախից: Օրինակ՝ ճակատային խոռոչների շրջանում բութ ցավի առկայության դեպքում կարելի է մտածել հայմորիտի մասին, հատկապես, եթե այն ուղեկցվում է հարբուխով:
 
Ցավը կարող է սկիզբ առնել ականջախեցու շրջանից: Բնութագրական է պուլսացող ցավը և դրա ուժեղացումը հորիզոնական դիրքում: Կարող է ընթանալ գլխապտույտով և լսողության վատացմամբ: Այս ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին:
 
Ծնոտից սկիզբ առնող ցավը նույնպես վկայում է բորբոքային պրոցեսի առկայության մասին: Այդ դեպքում պետք է դիմել ատամնաբույժի: Այնուամենայնիվ բորբոքային գործընթացը պետք է բուժել հակաբիոտիկներով, ինչը պետք է նշանակվի բժշկի կողմից:
 
Բավականին բարդ հիվանդություն է միգրենը, այդ հիվանդությամբ տառապել են պատմական հայտնի դեմքեր՝ Լև Տոլստոյը, Էդգար Պոն, Հենրիխ Հայնեն, Գի դե Մոպասանը, Չարլզ Դարվինը, Զիգմունդ Ֆրեյդը: Չնայած այս հնչեղ անուններին՝ միգրենը համարվում է կանացի հիվանդություն:
 
Մեծավ մասամբ հիվանդանում են 18-33 տարեկան հասակում: Մի շարք բժիշկներ կարծում են, որ կան այդ հիվանդությամբ հիվանդանալու յուրահատուկ հակվածությամբ մարդիկ: Միգրենը նկարագրվել է դեռևս Հիպոկրատի և Իբն Սինայի կողմից: Եվ չնայած տվյալների վաղեմությանը՝ այնուամենայնիվ դեռ պատճառաբանված չի դրա ծագումը:
 
Միգրենի ժամանակ հիմնականում ցավը տեղակայվում է մեկ կիսագնդում: Ցավը պուլսացող է, պարբերաբար կրկնվող, ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումներով, վառ լույսի և բարձր աղմուկի հանդեպ անտանելիությամբ:
 
Հիվանդները մեծամասամբ մինչ նոպան ունենում են ախտանշաններ, որոնք հուշում են նոպայի սկզբի մասին: Այն հիվանդին կարող է անհանգստացնել տարին մեկ անգամ կամ օրը մի քանի անգամ, բայց միջինում այն հանդիպում է ամսական երեք անգամ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: