Առողջապահություն

Կիվիի օգտակար հատկությունները

Մեկ կիվին պարունակում է մոտ 0,8-1,1 գ սպիտակուցներ, 0,4-0,5 գ ճարպեր, 0,1-ական գ հագեցած և չհագեցած ճարպաթթուներ, 7-8 գ շաքարներ, 3,8 գ սննդային մանրաթել, 0,3 գ օսլա, 0,6 գ մոխիր, 2,5 գ օրգանական թթուներ։
Կալցիումի (34-40 մգ), մագնիումի (17-25 մգ), ֆոսֆորի (34 մգ) և կալիումի (300 մգ և ավելի) փոխհարաբերակցությունը բարենպաստ է այդ մակրոտարրերի յուրացման համար։ Կալիումի և նատրիումի (մոտ 5 մգ) հարաբերությունն այնպիսին է, որ կիվին նպաստում է աղերի հեռացմանը օրգանիզմից։ 
 
Կիվիում կան նաև օրգանիզմին անհրաժեշտ 6-րդ (քլոր-47 մգ) և 7-րդ (ծծումբ-15 մգ) մակրոտարրերը։ Կիվին պարունակում է մեծ թվով միկրոտարրեր`   երկաթ (0,3-0,8 մգ`   ըստ տարբեր հեղինակների), ցինկ (0,15-0,3 մգ), պղինձ (0,14 մգ), մանգան (марганец) (0,1-0,2 մգ), բոր (0,1 մգ), ալյումինիում (0,8 մգ), ֆտոր (14 մկգ), մոլիբդեն (10 մկգ), կոբալտ (1 մկգ), յոդ և այլն։
 
Բոլոր ակտինիդիաների պտուղները հարուստ են C վիտամինով, առաջատարը կոլոմիկտան է (300-1000 մգ`   100 գ հումքի մեջ)։ Մեկ կիվիի մեջ պարունակվում է մոտ 90 մգ վիտամին C։ Վիտամինի սակավությունը կարող է կատարակտի առաջացման պատճառ դառնալ, իսկ լրացուցիչ չափաքանակները կարող են բուժել այս հիվանդությունը և թեթևացնել գլաուկոմայի ընթացքը։
 
Սակայն այսքանով չի սահմանափակվում «աստղային ճառագայթապտղի» օգտակարությունը «աչքի լույսի» համար։ Կիվին պարունակում է նաև երկու յուրահատուկ կարոտինային նյութեր`   լյուտեին և զեակսանտին, որոնք դասվում են թթվածին պարունակող կարոտինոիդների խմբի մեջ և ունեն շատ կարևոր առանձնահատկություն, որով տարբերվում են այլ կարոտինային նյութերից. լյուտեինը և զեակսանտինը կլանում են արևի ճառագայթների կապույտ սպեկտրի այն հատվածը, որն ագրեսիվ ազդեցություն ունի աչքի ցանցաթաղանթի վրա։
 
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ այդ կարոտինոիդներով հարուստ մթերքների կանոնավոր ընդգրկումը սննդակարգում նվազեցնում է գլաուկոմայի առաջացման հավանականությունը 50 տոկոսով (կերեք նաև սպանախ, դդում, եգիպտացորեն, նարնջագույն քաղցր պղպեղ, ձվի դեղնուց)։ 
 
Կիվին պարունակում է նաև բետա-կարոտին, վիտամիններ A, B1, B2, նիացին (B3), զգալի քանակությամբ պիրիդոքսին (B6-մինչև 0,63), ֆոլիաթթու (B9-25 մկգ), և վիտամին E։ Վիտամին B6-ի հանդեպ մարդու օրգանիզմի պահանջը 2-3 մգ է (առաջատարը տավարի լյարդն է`   0,9 մգ`   100 գ հումքի մեջ։ Պարունակվում է նաև ընկույզում`   0,685 գ, բանանում`   0,34 մգ, ձկնեղենում`   0,39 մգ, ոչ ճարպոտ մսի մեջ`   0,3 մգ, և այլն)։ 
 
Վիտամին B6-ի դերն օրգանիզմում անչափ մեծ է, պարզվել է, որ դրա սակավության դեպքում կարող են առաջանալ թվով 120-ի հասնող առողջական խնդիրներ։ Վիտամինի մոտ 15 տոկոսը տրոհվում է սառեցնելու, 70 տոկոսը եփելու, 90 տոկոսը պահածոյացնելու դեպքում։ B6-ի յուրացման համար անհրաժեշտ է B2 վիտամին, որի լավագույն աղբյուրներն են նուշը, տավարի լյարդը, կաթնաշոռը և այլն։
 
Պիրիդոքսինը տրոհում է սննդի մեջ պարունակվող սպիտակուցները: Կիվին պարունակում է բույսին բնորոշ ֆերմենտ ակտիդին, որը կատարում է նույն աշխատանքը։ Պիրիդոքսինը մեծապես նպաստում է ճարպերի փոխանակման գործընթացին: Կիվին պարունակում է նյութեր, որոնք նպաստում են ճարպերի «այրմանը» և կոլագենի գոյացմանը։
 
Կիվին լավացնում է նյութափոխանակությունը, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը ծանրաբեռնված մտավոր և ֆիզիկական աշխատանքի դեպքում։ Կարգավորում և կայունացնում է սրտի գործունեությունը, կանխարգելում է հիպերտոնիայի և սրտի անբավարարության առաջացումը և զարգացումը։
 
Կիվին ունի հակաօքսիդանտ հատկություն: Այն ուժեղացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորում խոլեստերինի մակարդակն արյան մեջ, նպաստում արյունատար անոթների և մազանոթների ամրացմանը, նվազեցնում աթերոսկլերոզի և տրոմբոֆլեբիտի առաջացման վտանգը։ Կիվին նաև օրգանիզմից հեռացնում է վնասակար նյութերը, կանխարգելում քարերի առաջացումը երիկամներում։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: