Առողջապահություն

Մաքրասիրության ձևավորումը երեխայի մոտ

Ոչ ոք չի սիրում խոստովանել, որ ինքն անմաքրասեր է։ Մենք բոլորս, անկախ այն բանից, թե օրվա ընթացքում քանի անգամ ենք մաքրում մեր ատամները, արդյո՞ք յուրաքանչյուր առավոտ ենք լոգանք ընդունում, կարծում ենք, որ դա անհրաժեշտ է։ Այսպիսով, մենք ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որը բոլորից մաքրասիրություն է պահանջում և ցանկանում է բոլորին մաքրասեր դարձնել։»
Առողջապահական միջոցառումներն ու հիգիենան ժամանակակից մարդու կյանքի անբաժան մասն են կազմում: Բացի այդ, հասարակության մեջ մեր դիրքը որոշ իմաստով պայմանավորված է մեր մաքրասիրությամբ: Դա գիտակցելով՝ երբեմն գերադասում ենք չխոսել մեզ բնորոշ ոչ այնքան անթերի սովորությունների մասին:
 
Երեխաները, սակայն, միանգամայն անտարբեր են սովորությունների նկատմամբ և շատ պարզ պատճառներով չեն կարող մեր այդ նույն հոգսերն ունենալ։ Նախ`   երեխաներին այնքան էլ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ կմտածեն իրենց փնթիության մասին, երկրորդ՝ աղտոտվածությունը նրանց համար նույնքան տհաճ չէ, ինչպես մեզ համար:
 
Երրորդ՝ երեխաների մեջ դեռ սովորություններ չեն ձևավորվել, և նրանք չեն կարող մաքրասեր երևալու համար ինքնաբերաբար կատարել բոլոր անհրաշժեշտ գործողությունները: Չորրորդ՝ նրանք ձանձրանում են, երբ մենք մեծ նշանակության ենք տալիս նրան, ինչը նրանց համար էական չէ:
 
Երեխաները մեր պահանջները չեն կատարում, քանի որ հաճախ չեն հասկանում դրանց նշանակությունը, երբեմն նույնիսկ սկսում են ատել մեզ, քանի որ նրանց շատ ենք նման բաներ պարտադրում: Շատ մեծահասակներ հուսահատվում են, որ իրենց երեխաներին չեն կարող մաքրասիրություն ու ճշտապահություն սովորեցնել:
 
Որպեսզի երեխան մաքրի ատամները, կանոնավոր լոգանք ընդունի, ուտելուց առաջ լվացվի, հավաքի իր խաղալիքները, համապատասխան տեղում կախի իր հագուստները և այլն ընդհուպ մինչև պատանեկան տարիքը (երբեմն նաև դրանից հետո) հարկ է լինում հիշեցնել այդ ամենը:
 
Ժամանակի ընթացքում մենք ավելի հաճախակի ենք հանգում այն մտքին, որ մեր երեխան ոչ միայն փնթի է, այլև ծույլիկ, ուստի սկսում ենք ավելի վճռական միջոցներ ձեռնարկել։ Կամ վերջնականապես հուսահատվելով, հաշտվում ենք այն մտքի հետ, որ անօգուտ է որևէ բան անել: Մաքրասիրության հարցում մենք ակնկալում ենք, որ երեխան ետ չմնա մեզանից`   լիովին մոռանալով, թե այդպիսին դառնալու համար մեզ որքան ժամանակ է պահանջվել։
 
Արդյո՞ք ստիպված ենք լիովին համակերպվել երեխայի փնթիության հետ, թե՞ ինչ-որ բան կարելի է ձեռնարկել։ Սխալ կլիներ ակնկալել, թե երեխան, մեծանալով, այլևս փնթի ու թափթփված չի լինի։ Ծնողներն ազդում են փոքրիկի զարգացման վրա և չցանկանալով ամեն ինչ ինքնահոսի մատնել՝ հաճախ չափից ավել ջանասիրություն են ցուցաբերում։ Հիմնականում այդպես են վարվում, երբ երեխայի գործողությունները հակասում են մաքրասիրության վերաբերյալ ունեցած հայացքներին։
 
Ի՞նչ պետք է անել
 
Առաջին՝ անհրաժեշտ է վերանայել անհատական հիգիենայի վերաբերյալ մեր տեսակետներն ու սովորությունները։ Հնարավոր է, որ մենք շատ մանրախնդիր ենք։ Ինքներս մեզ պետք է հարցնենք՝ երեխաների նկատմամբ մեր սերը արդյո՞ք համեմատական է նրանց հնազանդությանը։ Նրանք զգո՞ւմ են, որ սիրում ենք իրենց նույնիսկ այն դեպքում, երբ ճաշի են նստում կեղտոտ ձեռքերով։ Գուցե մշտապես հանդիմանելով՝ մենք նրանց հեռացնո՞ւմ ենք մեզանից՝ մերժելով նրանց սերը։
 
Եթե երեխան իրեն երջանիկ է զգում և, դրանից բացի, այլ դժվարություններ չի ստեղծում, ակնհայտ է, որ մաքրասիրությանն առնչվող պատմությունն այնքան էլ կարևոր չէ։ Իսկ եթե նրա փնթիությունը մեզ հետ ունեցած տարաձայնություններից միայն մեկն է, խնդիրն ավելի լայն է դառնում։ Խնդրին ճիշտ մոտենալով՝ մենք կհասկանանք, որ այլ դժվարությունների համեմատ այն աննշան բան է։
 
Մենք կարող ենք խթանել երեխային, որպեսզի մաքրասեր լինի, խրախուսել նրան, ներգրավել որևէ մրցակցության մեջ և երբ, վերջապես, մեր համբերությունը հատի, հանդիմանել նրան: Շատ կարևոր է այդ խնդիրն ամեն օր չքննարկելը. ինչպես և մենք, երեխան նույնպես հոգնում է դրանից: Քանի որ մենք չենք կարող հուսալ, որ մաքրասիրությանն ու կարգ ու կանոնին նա նույնպիսի նշանակության կտա, ինչ և մենք, ապա ավելի լավ է նրա հետ այնքան լավ հարաբերաթյուններ հաստատել, որպեսզի մեր ցուցումներն ու խորհուրդները նա բարեկամաբար ընդունի։ 
 
Եթե երեխայի հետ մեր հարաբերությունները հավասարակշռված ու բարեկամական են, ապա նա բարի կամք է դրսևորում, եթե նույնիսկ չի համաձայնվում մեզ հետ: Նա իր զարգացման համար կարևոր դաս է ստանում, հասկանում է, որ կարելի է բոլորովին էլ չսիրել այն, ինչ անում ես, սակայն այդ գործը, այնուամենայնիվ, կարևոր համարել, ընդ որում՝ ոչ միայն այն պատճառով, որ ուրիշներն են պահանջում: Դա պակաս կարևոր նվաճում չէ։
 
Երեխայի հետ մեր փոխհարաբերություններից է մեծապես կախված, թե նա կհամաձայնի, որ անհրաժեշտ է հոգ տանել սեփական մաքրության և տան կարգ ու կանոնի մասին, օրինակ՝ խաղալիքներն իրենց տեղը դնելու աժեշտության մասին երեխային ավելի լավ է հիշեցնել այն պահին, երբ նա դեռ չի հրապուրվել մեկ այլ հետաքրքիր զբաղմունքով, որից չի ցանկանա հրաժարվել:
 
Սովորաբար հակառակն ենք անում. խնդրում ենք կարգ հաստատել այն ժամանակ, երբ նա արդեն ի վիճակի չէ կտրվել հեռուստացույցից, խաղից, որևէ այլ սիրած զբաղմունքից։ Այլ կերպ ասած`   ցուցումներ և կարգադրություններ անելիս պետք է վստահ լինել, որ երեխան ուշադրությամբ կլսի և կկարողանա կատարել խնդրածը։ 
 
Երկրորդ՝ մենք կկարողանանք խթանել երեխայի ինքնուրույնությունը, եթե ժամանակ առ ժամանակ օգնենք նրան։ Հաճախ չափից ավելի ենք ջանում ստիպել, որ նա ամեն ինչ ինքնուրույն անի։ Մեզ համար հաճելի է մտածել, որ դրանով օգնում ենք նրան ինքնուրույն դառնալ, բայց իրականում մեր վարքի հետևում թաքնված է լինում ձանձրալի գործից օձիքն ազատելու ցանկությունը:
 
Երրորդ՝ չի կարելի մոռանալ, որ փոքրիկն ունի ընդօրինակելու հակում։ Դրանից կարելի է օգտվել։ Ցույց տվեք նրան, թե դուք ինչպես եք ձեր իրերը տեղը դնում, ինչպես եք հոգ տանում մաքրության և պատշաճ տեսք ունենալու մասին։ Եվ նա կտեսնի, որ դուք կանոնավոր կերպով նույն բանն եք անում, ինչ իրենից եք պահանջում։
 
Չորրորդ՝ Եթե հնարավոր Է, երեխային այնպիսի մի տեղ պետք Է տանել, որտեղ նա կարող Է աղտոտվել որքան ցանկանում է:
 
Հինգերորդ՝ մի քանի անգամ հիշեցրեք երեխային, որ իր անվավոր չմուշկներն ընկած են հյուրասենյակի կենտրոնում: Նշանակում Է, դրանք իրեն բոլորովին պետք չեն կամ նա այլևս սահել չի ցանկանում, եթե դրանց մասին հոգ չի տանում և տեղը չի դնում։ Մի քանի անգամ նման նկատողություն անելուց հետո կարող եք հեռացնել չմուշկներն ու երեխային վերադարձնել միայն այն բանից հետո, երբ նա խոսք տա, որ այսուհետև դրանք կդնի ուր հարկն Է։
 
Վեցերորդ՝ պետք Է ամեն ինչ անել, որպեսզի մաքրասիրությունը երեխայի համար սովորություն դառնա։ Իսկ դա նշանակում Է, որ անօգուտ Է փոքրիկին համոզել, թե ատամները պետք Է մաքրել կարիեսը կանխելու համար։ Ատամները պետք Է մաքրել, որովհետև այդպես Է պետք: Որքան Էլ հիմար թվա այդ միտքը, մենք պետք Է ասենք երեխաներին՝ «Մենք մեր ատամները մաքրում ենք, որովհետև մաքրում ենք»։
 
Ժամանակի ընթացքում հաջողության հասնելու ամենապարզ միջոցը մշտապես հիշեցնելն է, որ ինչ-որ բաներ պետք է անել ոչ թե այն պատճառով, որ ցանկանում ենք անել, այլ որովհետև այդպես է անհրաժեշտ: Երբ լրացուցիչ բացատրությունների անհրաժեշտություն է ծագում, ասեք երեխաներին, որ և' դուք, և' ձեր բարեկամները հետևում են մաքրասիրության այն նույն կանոններին, որոնք ցանկանում եք սերմանել նաև նրանց մեջ:
 
Ավելի լավ է մաքրասիրություն սովորեցնել որքան հնարավոր է շուտ: Իհարկե, չի կարելի ակնկալել, որ այդ տարիքում երեխան անմիջապես կկատարի բոլոր խորհուրդները: Մաքրասիրության հմտությունների ձևավորումը պետք է սկսել աննկատ և առանց որևէ ճնշման: Նախ փորձեք ներշնչել երեխային, որ պետք է մաքուր տեսք ունենալ, բայց արագ հաջողությունների հասնել պետք չէ ակնկալել: 
 
Համոզվելու համար, որ մենք հաջողության ենք հասել, անհրաժեշտ է հետախուզել, թե մեր բացակայությամբ երեխան իրեն ինչպես է պահում։ Եթե նա կանոնավոր լվացվում է, երբ մենք կողքին ենք, բայց խուսափում է այդպես վարվել, երբ բացակայում ենք, ուրեմն պարտությունն անվիճելի է։ Համոզվելով, որ երեխան անում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ընդ որում՝ առանց հիշեցումների և գլխացավանք պատճառելու, կարող ենք ասել, որ հասել ենք մեր ցանկացած արդյունքին։ 
 
Ծնողներն ամենից ավելի դժվար են հասկանում, որ փնթի երեխան կարող է նույնպես երջանիկ և միանգամայն առողջ լինել: Երեխային մաքրասիրություն և կարգ ու կանոն սովորեցնելու համար ժամանակ է պահանջվում, ընդ որում՝ շատ ավելի երկար ժամանակ, քան մենք սովորաբար տրամադրում ենք այդ գործին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: