Առողջապահություն

Վիտամինային անբավարարություն

Վիտամինային անբավարարությունն օրգանիզմի հիվանդագին վիճակ է, որն առաջանում է սննդում վիտամինների անբավարարության, դրանց յուրացման խանգարման կամ օրգանիզմում սինթեզի նվազման հետևանքով:
Առավել հաճախ վիտամինային անբավարարության առաջացման պատճառ է դառնում սննդի մեջ վիտամինների ցածր պարունակությունը, հատկապես՝ զտած, չորացրած և պահածոյացված մթերքներով սնվելիս, երբ սննդում շատ են ածխաջրային բաղադրիչները, անբավարար կենդանական ծագման սպիտակուցներն ու ճարպերը, բացակայում են թարմ մրգերն ու բանջարեղենը:
 
Կարևոր է նաև սննդամթերքի ու դրա խոհարարական մշակման կանոնների պահպանումը, որոնց խախտման հետևանքով վիտամինները քայքայվում են, օրինակ`   նիկոտինաթթվով աղքատ որոշ հատիկային մթերքով շարունակական սնման դեպքում առաջանում է պելագրա (քրոնիկական):
 
Ավելի հազվադեպ վիտամինային անբավարարությունը պայմանավորված է որոշ հիվանդություններով, որոնց դեպքում խանգարվում է վիտամինների ներծծումը, կամ դրանք մեծ արագությամբ քայքայվում են ստամոքսաղիքային համակարգում:
 
Օրգանիզմում վիտամինների քայքայումն ուժեղանում, իսկ սինթեզումն ընկճվում է նաև որոշ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ և մի քանի այլ դեղանյութեր երկարատև օգտագործելիս (երբ դրանք կիրառվում են առանց բժշկի նշանակման):
 
Վիտամինային անբավարարություն կարող են առաջացնել նաև վիտամինների նկատմամբ օրգանիզմի պահանջը մեծացնող գործոնները, օրինակ`   այն կարող է առաջանալ ֆիզիկական և մտավոր զգալի բեռնվածության, նյարդահուզական լարվածության, օդի ցածր կամ բարձր ջերմաստիճանի ազդեցության, թթվածնաքաղցի դեպքերում, հղիության և երեխայի կերակրման շրջաններում:
 
Վիտամինային անբավարարությունն առաջանում է աստիճանաբար, իսկ կլինիկական դրսևորումներն առաջանում են ոչ անմիջապես: Դա պայմանավորված է նրանով, որ լիարժեք սնուցման դեպքում օրգանիզմում կուտակվում են վիտամինների առավել մեծ պաշարներ:
 
Վիտամինների պաշարի նվազումից հետո սկսում են գործել փոխանակային բնույթի փոխհատուցողական մեխանիզմները: Փոխհատուցումն աստիճանաբար դառնում է անբավարար, խանգարվում է նյութափոխանակությունը, առաջանում են առանձնահատուկ հիվանդագին գործընթացներ: 
 
Մասնակի վիտամինային անբավարարությունը կոչվում է թերվիտամինություն: Եթե միջոցներ ձեռք չառնվեն այն վերացնելու համար, ապա կարող է առաջանալ վիտամիանային լրիվ անբավարարություն կամ անվիտամինություն (վիտամինաքաղց):
 
Թերվիտամինությունը բնորոշվում է հիվանդության թույլ արտահայտված ախտանշաններով, հատկապես՝ սկզբնական փուլերում: Հաճախ փոխվում են հիվանդի ընդհանուր վիճակը, նկատվում են թուլություն, դյուրագրգռություն, քնի խանգարում, աշխատունակության անկում, ախորժակի կորուստ և այլն:
 
Նշված ախտանշանները դիտվում են նաև այլ հիվանդությունների դեպքերում, ուստի անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի`   վիտամինների պարունակությունն օրգանիզմում ստուգելու: Անվիտամինությունն ունի հատուկ կլինիկական դրսևորումներ: 
 
Կանխարգելումը 
 
Վիտամինային անբավարարության կանխարգելումը ենթադրում է վիտամինների, դրանց պատրաստուկների և վիտամինային խտանյութերի օգտագործում:
 
Սննդի արդյունաբերության ձեռնարկություններում կատարվում է որոշ սննդամթերքների վիտամինացում, օրինակ`   այլուրը հարստացվում է թիամինով, ռիբոֆլավինով և նիկոտինաթթվով, կաթը և շաքարը`   ասկորբինաթթվով, մարգարինը`   ռետինոլով:
 
Տնային պայմաններում վիտամինային անբավարարության կանխարգելմանը նպաստում է բազմազան սնունդը, որն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ վիտամիններով, ինչպես նաև սննդանյութերի պահպանման և դրանց խոհարարական մշակման կանոնների ճիշտ կատարումը:
 
Պետք է իմանալ նաև, որ վիտամիններն ունեն ուժեղ կենսաբանական ազդեցություն և առանց բժշկի նշանակման դրանց օգտագործումը կարող է վնաս հասցնել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: