Առողջապահություն

Չափազանց գեր երեխա

Չափազանց գեր երեխաների մոտ առկա է ճարպակալում: Շատերը կարծում են, թե ճարպակալումը պայմանավորված է գեղձերի ոչ ճիշտ գործունեությամբ, բայց իրականում դա հազվադեպ է հիմնական պատճառ դառնում։ Մարդու քաշի վրա ազդում են մի քանի գործոններ՝ ժառանգականությունը, խառնվածքը, ախորժակը, հոգեկան հավասարակշռությունը:
Եթե երեխայի և՛ մայրը, և՛ հայրը, և՛ ազգականները հակված են գիրության, ապա երեխան գիրանալու ավելի շատ հավանականություն ունի: Հանգիստ, քիչ շարժուն երեխայի օրգանիզմում մնում են չօգտագործված սննդանյութեր, որոնք կուտակվելով, վեր են ածվում ճարպի։
 
Գլխավոր գործոնն ախորժակն է։ Եթե երեխան սիրում է բարձր կալորիա պարունակող ուտելիքներ՝ կարկանդակներ, զանազան թխվածքներ, բնականաբար, նա ավելի գեր կլինի, քան բանջարեղեն, մրգեր ու միս սիրող երեխան։
 
Հարց է ծագում՝ ինչո՞ւ են որոշ երեխաներ այդքան շատ սիրում բարձր կալորիա պարունակող սնունդ։ Մենք չգիտենք շատ լավ ախորժակ ունենալու բոլոր պատճառները, բայց դժվար չէ ճանաչել այն երեխային, որն ասես ծնվել է լավ ուտելու համար։
 
Երբեմն պատճառը հոգեկան խռովքն է։ Երբ տարիքի հետ մեկտեղ երեխայի ախորժակը լավանում է, ապա պատճառը հաճախ նրա հոգեկան խռովքն է։ Դա կարող է պատահել յոթնամյա երեխայի հետ, որ մենակություն ու կարոտ է զգում։ Այս շրջանում երեխան ձեռք է բերում էմոցիոնալ անկախություն։
 
7-12 տարեկան հասակում երեխայի քաշը հաճախ նորմայից բարձր է լինում։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր գեր երեխա դժբախտ է։ Նույնիսկ միշտ ուրախ և ուսման մեջ առաջադիմող երեխաներն էլ 7-12 տարեկանում քաշն ավելացնելու հակում ունեն։ Նրանցից շատ քչերն են ճարպակալում։ Մեծ մասը փոքր-ինչ գիրուկ է։
 
Ծնողների համար օգտակար է իմանալ, որ դպրոցական հասակում ոչ մեծ գիրությունը սովորական երևույթ է, որն անցնում է տարիների ընթացքում, ուստի պետք չէ անհանգստանալ երեխայի ավելորդ քաշի համար։ Գիրանալու պատճառն ինչպիսին էլ որ լինի, կարող է վերածվել կախարդական շրջանի։
 
Որքան երեխան գեր է, այնքան նրա համար դժվար է հաճույք ստանալ շարժուն խաղերից ու սպորտից։ Բայց որքան քիչ է շարժվում, այնքան նրա օրգանիզմն ստիպված է ավելի շատ սննդարար նյութեր կուտակել: Բացի այդ, գեր երեխան անհարմար է զգում մասնակցել ընղհանուր խաղերին, ավելի է խորթանում երեխաների շրջապատում, որոնք կարող են ծաղրել նրան:  
 
Դիետա պահելը շատ դժվար է։ Ինչպե՞ս վարվել չափազանց գեր երեխայի հետ: Առաջինը, որը, հավանաբար, կառաջարկեք, դիետան է: Այդ ասելը հեշտ է, բայց իրականացնելը շատ դժվար: Հիշեք`   չափահաս մարդկանց, որոնք խիստ տառապում են իրենց գիրությունից, բայց, այնուամենայնիվ, չեն կարողանում դիետա պահպանել:
 
Երեխան ավելի քիչ կամքի ուժ ունի, քան մեծահասակը։ Եթե մայրը ստիպի երեխայի դիետա պահել, ապա կամ պետք է ամբողջ ընտանիքն անցնի դիետայի կամ տանջի երեխային`   զրկելով նրան այն ուտելիքից, որը նրա աչքի առաջ ուտում է ամբողջ ընտանիքը, և որը նա շատ է սիրում։
 
Գիրուկ երեխաներից շատ քչերը կարող են այնքան խելամիտ լինել, որ նման վիճակը համարեն արդարացի։ Համարելով իրեն անտեսված`   երեխան ավելի շատ քաղցրավենիքի կարիք կզգա։ Այն ամենը, ինչից զրկում են նրան ուտելու ժամանակ, նա կուտի հետո, երբ մենակ մնալիս բաց անի սառնարանը կամ գնա հրուշակեղենի   խանութ։ 
 
Բայց դիետա, այնուամենայնիվ, կարելի է պահպանել։ Նրբանկատ մայրը կարող է հեռու պահել երեխային գայթակղությունից`   միայն երբեմն-երբեմն նրան տալով բարձր կալորիա պարունակող անուշեղեն։ Նա կարող է տանը չպահել զանազան թխվածքներ, իսկ նախաճաշի, ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակամիջոցում միրգ տալ երեխային։
 
Կարող է երեխային ավելի հաճախ կերակրել նրա սիրած այն կերակրատեսակներով, որոնք ճարպակալում չեն առաջացնում։ Եթե երեխան սահմանափակ դիետա պահելու պատրաստակամություն է ցուցաբերում, կարելի է նրան միայնակ ուղարկել բժշկի մոտ։
 
Բժշկի հետ խոսելով`   նա կարող է իրեն զգալ չափահաս, ընդունակ ինքնուրույն ղեկավարելու իր կյանքը։ Ամեն մի գեր մարդ օտարներից ավելի հեշտությամբ է խորհուրդ ընդունում, քան իր հարազատներից։ Առանց բժշկի խորհրդի երեխան ոչ մի դեպքում չպետք է ընդունի քաշը պակասեցնող հաբեր, մանավանդ, եթե հնարավորություն չունի կանոնավոր այցելելու բժշկին։
 
Քանի որ չափազանց մեծ ախորժակը հաճախ մենակության ու հոգեկան անբավարարվածության նշան է, ապա ամենաճիշտ միջոցն է ստուգել`   արդյո՞ք երեխան երջանիկ է իր ընտանիքում, ընկերական շրջանում, ետ չի՞ մնում դպրոցական պարապմունքներից:
 
Եթե, չնայած ձեր բոլոր ջանքերին`   ճարպակալումը չի անցնում կամ երեխայի քաշը շատ արագ ավելանում է, հարկավոր է խորհրդակցել մանկաբույժի ու հոգեբույժի հետ։ Ճարպակալումը լուրջ խնդիր է յուրաքանչյուր   երեխայի համար։ 
 
Դիետա պետք է պահել բժշկի հսկողությամբ։ Եթե դեռահասներն ինքնուրույն են պահում դիետան, ապա դա կարող է վատ վերջանալ։ Օրինակ`   մի խումբ աղջիկներ ոգևորված երդվում են պահել մի անհեթեթ դիետա, որի մասին ինչ-որ տեղ ինչ-որ բան են լսել։
 
Մի քանի օրից քաղցն ստիպում է մեծ մասին հրաժարվել ընդունած հաստատ որոշումից, բայց այդ աղջիկներից մի քանիսը համառությամբ մնում են իրենց ասածին։ Պատահում է, որ աղջիկը կորցնում է վտանգավոր քանակությամբ կիլոգրամներ և չի կարողանում վերականգնել դիետան նույնիսկ ցանկության դեպքում։
 
Եթե երեխան կամ նրա մայրը այն կարծիքին են, որ դիետան անհրաժեշտ է, ապա, շատ պատճառներից ելնելով, ամենից առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։ Նախ բժիշկը կորոշի՝ արդյո՞ք դիետայի կարիք կա, թե ոչ, երկրորդ`   դեռահասն ավելի շուտ կընդունի բժշկի, քան ծնողների խորհուրդը։
 
Եթե պարզվի, որ դիետան անհրաժեշտ է, ապա անպայման պետք է այն նշանակի բժշկը։ Բժիշկը հաշվի կառնի երեխայի ախորժակը ընտանիքի սովորական ճաշացուցակը և կնշանակի դիետա, որը ոչ միայն կապահովի երեխային սննդարար նյութերով, այլև հեշտ կիրականացվի տվյալ ընտանիքում։
 
Եվ վերջապես, քանի որ նիհարելն ազդում է առողջության վրա, ապա դիետա պահող բոլոր մարդիկ պետք է պարբերաբար այցելեն բժշկին ստուգելու համար`   արդյո՞ք շատ արագ չեն կորցնում քաշը և պահպանում են առողջությունն ու ուժերը։ 
 
Եթե հնարավորություն չունեք հաճախ այցելելու բժշկին, իսկ երեխան հաստատ որոշել է դիետա պահել, ծնողները պետք է պնդեն, որ նա ամեն օր օգտագործի հետևյալ սննդամթերքները`   700գ կաթ, միս, թռչնի միս կամ ձուկ, ձու, կանաչ ու դեղին բանջարեղեն, օրական երկու անգամ մրգեր։
 
Հարկավոր է երեխային համոզել, որ այդ սննդամթերքների ոչ մեծ քանակությունը չի ավելացնի նրա քաշը, բայց չափազանց անհրաժեշտ է լուրջ հյուծվածությունից խուսափելու համար։
 
Բարձր կալորիա պարունակող անուշեղենը կարելի է առանց վախենալու հանել նիհարել ցանկացող բոլոր գեր մարդկանց օրաբաժնից։ Մարդկանց մեծ մասի նիհարելը կամ գիրանալը կախված է ալյուր պարունակող սննդամթերքների (շիլաների, հացի, կարտոֆիլի) օգտագործումից։ 
 
Յուրաքանչյուր աճող երեխա այդ սննդամթերքների որոշակի քանակության կարիք ունի, նույնիսկ նա, ով ցանկանում է նիհարել։ Ամենագեր մարդիկ անգամ չպետք է շաբաթը 500 գրամից ավելի նիհարեն առանց բժշկի խիստ հսկողության:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: