Հանրագիտարան

Սբ. Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր՝ `Շուշանի հիշատակության օր

Սեպտեմբերի 24-ին նշվում է սուրբ կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր`   Շուշանի հիշատակության օրը:
Սբ. Փեփրոնեն Մծբին քաղաքից էր և մանուկ հասակից կրոնավորության ուխտ անելով`   վանք էր մտել: Սբ. Հռիփսիմեի նման ենթարկվել է Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին: Երբ կայսեր հավատաքննիչները 305թ.-ին Մծբին են հասնում, վանքի միաբանությունը ստիպված հեռանում է, իսկ հիվանդ Փեփրոնեն մնում է վանքում իր ուսուցչուհու՝ Վրենի և քույր Թումայիսի հետ:
 
Հեթանոս Սեղինոս դատավորը փորձում է համոզել գեղեցիկ կույսին քրիստոնեությունից հրաժարվել և խոստանում նրան իր ազնվական եղբորորդու՝ Լյուսիմաքոսի հետ ամուսնացնել: Սակայն Փեփրոնեն պատասխանում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսին՝ կուսության պսակն ընդունելով:
 
Զայրացած Սեղինոսը հրամայում է նախ՝ նրա ձեռքերն ու ոտքերը կտրել, ապա`   գլուխը: Լյուսիմաքոսը, նրա մահը տեսնելով, հավատի է գալիս և հրամայում նրան պատվով թաղել, իսկ Սեղինոսը, կույսի անպատմելի տանջանքներին ականատես լինելով, խելագարվում և ինքնասպան է լինում: 
 
Սբ. Մարիանեն Պիսիդյան Անտիոքից էր: Նա քաղաքի քրմի միակ դուստրն էր և վաղ հասակում մորից զրկվելով`   քրիստոնյա ստնտուի խնամքին է հանձնվում: Երբ արդեն մեծ էր, հայրը նրան ցանկանում է քրմուհի դարձնել, սակայն աղջիկը հրաժարվում է ուրանալ Քրիստոսին և ծառայել անմռունչ կուռքերին:
 
Հայրը նրան տնից դուրս է անում, և սուրբ Մարիանեն գնում է իր ստնտուի մոտ, սակայն քիչ ժամանակ անց ձերբակալվում է և գլխատվում: Սբ. Շուշանը Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր, որին նախապես Վարդենի էին կոչել, բայց հայոց պատմության և վարքաբանության մեջ հայտնի է Շուշան անունով:
 
Նա ամուսնացած էր վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ: Չնայած նրանք 3 տղա և 1 աղջիկ ունեին, սակայն ամուսինը, բդեշխ դառնալով, կրոնափոխ էր եղել և ամուսնացել պարսիկ Պերոզ իշխանի զոքանչի հետ: Իսկ Շուշանը եկեղեցուն կից մի փոքրիկ տնակում ապրում էր աղոթքներով`   միշտ մերժելով իր ամուսնու դավանափոխ լինելու առաջարկներն ու սպառնալիքները:
 
Սբ. Շուշանիկը 7 տարի անընդմեջ իր ամուսնուց հալածվում է`   ապավինելով միայն իր աներեր հավատին առ Աստված և պապից`   սուրբ Սահակից իրեն կտակված Ավետարանին: Սբ. Շուշանը 470 թվականին իր կյանքն ավարտում է մարտիրոսական մահով: Ըստ Ոխտանես պատմիչի`    նրա գերեզմանը գտնվում է Ցուրտավում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: