Հանրագիտարան

Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր

Սեպտեմբերի 23-ին նշվում է Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օրը: Ս. Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում`   աղքատ քրիստոնյայի ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա:
Բանտում Մամասի ծնվելուց հետո մահանում է նրա մայրը: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ քրիստոնյա մի կին, որն էլ սնում և դաստիարակում է նրան: Տասնհինգ տարեկանում արդեն համոզված քրիստոնյա և համարձակ քարոզիչ լինելու համար ձերբակալվում և չարչարանքների է ենթարկվում:
 
Զրկանքներից ազատվելով՝ պարտադրված առանձնանում է Արգեոս լեռը: Ս. Մամասն իր ողջ կյանքում ծառայում է աղքատներին, սակայն կրկին մատնվում է, դատվում և խիստ չարչարանքներից հետո 273 թ.-ին խոցվում է եռաժանիով, նահատակվում:
 
Ս. Փիլիկտիմոնը, որը հունական և լատինական վկայաբանությունների մեջ հայտնի է Ֆիլոմենոս անունով, ցորենի վաճառական էր, որն իր հավատի համար Ավրելիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվում է, կտտանքների ենթարկվում և ի վերջո նահատակվում 274 թվականին՝ ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամված:
 
Ս. Սիմեոն Սյունակյացը ծնվել է 390թ.-ին`   Կիլիկիայում: Մանկուց եղել է հովիվ: Մի օր եկեղեցի է մտել և չհասկանալով ընթերցված Ավետարանի իմաստը`   դիմել է մի ծերունու, որն էլ բացատրել է`   խոսքը ժուժկալ լինելու մասին է, այսինքն`   մարդը ճգնությամբ, զրկանքներով, ծոմապահությամբ պետք է երկնքի արքայությանն արժանանա:
 
Այս խոսքերի շուրջ խորհելով՝ Սիմեոնը գնացել է Սիրիայի Հաթա նահանգ, որտեղ 3 տարի մի վանքում առանձնանալուց հետո Աստծուց քարոզելու և բժշկելու շնորհ է ստացել: Տեսնելով, որ այցելուներն ու հիվանդներն իրեն շատ են նեղում`   քարոզելու համար սկզբում մի խոր փոս է փորել, որտեղից միայն գլուխն է երևացել, ապա 60 կանգուն բարձրությամբ սյան վրա է բարձրացել:
 
Գլխավերևում ծածկ չունենալով`   ամբողջ օրը միայն կանգնած կամ ծնկած է անցկացրել`   իբրև սնունդ շաբաթը միայն մեկ անգամ Ս. Հաղորդություն ստանալով: Սյան վրայից տարիներ շարունակ քարոզել է և իր աղոթքներով բժշկել բազմաթիվ հիվանդների:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: