Հանրագիտարան

Սեխ

Սեխը պատկանում է դդմազգիների ընտանիքին, միամյա խոտաբույս է: Հայտնի է սեխի 10 տեսակ: Հայրենիքը Միջին և Փոքր Ասիան է:

Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ցանովի սեխը:

Մշակվում է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում, Ճապոնիայում, Բալկաններում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Ասիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Այսրկովկասում և այլուր:

ՀՀ-ում հանդիպում է սեխի 3 տեսակ՝ սովորական, մանրապտուղ կամ Շամամ և մոլախոտային: Աճում է հիմնականում Արարատյան դաշտում: Մշակության մեջ առավել տարածված է մշակովի սեխը:

Ցողունը գետնատարած-փռվող է, առատ ճյուղավորվող (երկարությունը՝ 2–2,5 մ): Տերևները խոշոր են, տերևանութներում կան բեղիկներ: Ծաղիկները բաժանասեռ են (երբեմն՝ երկսեռ): Պտուղը բազմասերմ կեղծ հատապտուղ է՝ կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև, տափակավուն, զանգվածը՝ 200 գ–16 կգ:

Պտղի մակերևույթը հարթ է, կողավոր, ցանցապատ, կնճռոտ և այլն, կեղևը՝ սպիտակ, դեղին, կանաչ, դարչնագույն, նարնջագույն և այլն: Պտղամիսը սպիտակ է, կանաչավուն, կարմրավարդագույն, նարնջագույն: 
 
Սովորական սեխի պտուղն արժեքավոր բուժական սնունդ է. պարունակում է շաքար (16–18 % և ավելի), C վիտամին (մինչև 60 մգ %), կարոտին (A - նախավիտամին), պեկտինային նյութեր, հանքային աղեր: 
 
Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (մուրաբա, չիր, շաքարաչիր, մարմելադ, պովիդլո, մեղր):
ՀՀ-ում մշակվում են Սնեյվազ, Շալախ, Մասիս 2, Կարմիր սեխ և այլ սորտեր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: